Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+24

Հայաստանն ակնկալում է, որ ԵՄ–ն կընդլայնի աջակցությունը բարեփոխումների իրագործման հարցում. Սարգսյան

10.07.2013, 17:50
Հայաստանը հաստատակամ է շարունակելու և նոր թափ հաղորդելու մի շարք ուղղություններով երկրում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին՝ ակնկալելով դրանց իրագործմանը ցուցաբերվող աջակցության ընդլայնում, չորեքշաբթի Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հայաստանն ակնկալում է, որ ԵՄ–ն կընդլայնի աջակցությունը բարեփոխումների իրագործման հարցում. Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանը հաստատակամ է շարունակելու և նոր թափ հաղորդելու մի շարք ուղղություններով երկրում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին՝ ակնկալելով դրանց իրագործմանը ցուցաբերվող աջակցության ընդլայնում, չորեքշաբթի Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Ինչպես հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել Հայաստան-ԵՄ հարաբերությունների, այդ հարաբերություններում առանցքային տեղ զբաղեցնող Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության և Ասոցացման համաձայնագրի ու դրա մաս կազմող Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցությունների ընթացքի մասին:

Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010 թ.-ի հունիսի 19-ին Երևանում: Ապագա համաձայնագիրը կփոխարինի Գործընկերության և համագործակցության մասին գործող համաձայնագրին և նպատակ ունի խորացնել հարաբերությունները Հայաստանի և Եվրամիության միջև տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության, ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման, մարդկանց տեղաշարժի, էներգետիկայի ոլորտներում։

Սարգսյանն ու Ֆյուլեն հայտնել են, որ  այժմ վավերացման փուլում են գտնվում Վիզաների դյուրացման և Հետընդունման վերաբերյալ համաձայնագրերը:

Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն խոսել է նաև Վիլնյուսի Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին:

Հայաստան–ԵՄ ասոցացման համաձայնագիրը ծրագրվում է ստորագրել Վիլնյուսում 2013 թվականի նոյեմբերի 28-29–ին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ընթացքում։

ԵՄ առևտրային քաղաքականության` 27 անդամ երկրներից բաղկացած հանձնաժողովը 2012 թվականի փետրվարի 29–ին միաձայն որոշում է կայացրել Հայաստանի հետ «Ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու մասին» համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների մեկնարկի մասին։ Համաձայնագրի համաձայն, Հայաստանը հնարավորություն կունենա դիվերսիֆիկացնել արտահանման կառուցվածքը և բարենպաստ պայմաններով դուրս գալ եվրոպական շուկա։ -0-