Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+14

Հայաստանում ժամը 20։00–ին փակվել են սահմանադրական հանրաքվեի բոլոր ընտրատեղամասերը

06.12.2015, 20:05
Հայաստանում ճիշտ ժամը 20։00–ին փակվեցին բոլոր 1997 ընտրատարածքները, որտեղ կիրակի անցկացվեց հանրապետության Սահմանադրության փոփոխությունների համահանրապետական հանրաքվե։
Հայաստանում ժամը 20։00–ին փակվել են սահմանադրական հանրաքվեի բոլոր ընտրատեղամասերը

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ճիշտ ժամը 20։00–ին փակվեցին բոլոր 1997 ընտրատարածքները, որտեղ կիրակի անցկացվեց հանրապետության Սահմանադրության փոփոխությունների համահանրապետական հանրաքվե։

 

Քվեարկությունը սկսվել է ժամը 8։00–ին։

 

ԿԸՀ վերջին տվյալներով, սահամանադրական բարեփոխումների համահանրապետական հանրաքվեին ժամը 17։00–ի դրությամբ քվեարկել է 1 005 333 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 39.17 տոկոսը։ Հայաստանի ոստիկանությունում դեկտեմբերի 6-ի ժամը 17։00-ի դրությամբ ստացվել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում տեղ գտած խախտումների 96 ահազանգ։


Դեկտեմբերի 5–ի տվյալներով` Ընտրողների ռեգիստրում ներառված է 2 մլն 550 հազար 323 մարդ։ Հանրաքվեին ներկայացված օրինագիծը համարվում է ընդունված, եթե նրա օգտին քվեարկել է հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, սակայն ընտրացուցակներում ներառված քաղաքացիների մեկ քառորդից ոչ պակասը։


Հանրաքվեին հետևում է ավելի քան 3 հազար դիտորդ` տեղական 18 կազմակերպություններից։ Միջազգային վեց դիտորդական առաքելությունների թվում քվեարկության հետևում են ԱՊՀ Մոնիտորինգի հանձնաժողովի 44 դիտորդներ, ԱՊՀ ՄԽՎ–ի 23 դիտորդ, օտարերկրյա ԿԸՀ–ների 33 ներկայացուցիչ, ԵԽԽՎ–ի 11 դիտորդ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ի 5 դիտորդ, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչներ։


Սահմանադրական բարեփոխումներով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։

 

Նոր Սահմանադրության նախագծի համաձայն` Հայաստանի նախագահը, որի լիազորությունները զգալիորեն կկրճատվեն, ընտրվում է յոթ տարով (ներկա հինգի փոխարեն) ոչ թե համազզային քվեարկության, այլ խորհրդարանի միջոցով։ Միևնույն մարդը կարող է նախագահի պաշտոնում ընտրվել միայն մեկ անգամ։

 

Նախատեսվում է, որ առաջին փուլում պետության ղեկավարը պետք է ընտրվի պատգամավորների ձայների ¾–ով, իսկ եթե դա չհաջողվի, ապա նշաձողն իջեցվում է մինչև 3/5։ Եթե այս դեպքում ևս ընտրություններն արդյունքի չհանգեցրին, ապա նախագահը կընտրվի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ։


Ըստ փաստաթղթի` գործադիր իշխանության բարձրագույն մարմինը կառավարությունն է, որը մշակում և իրականացնում է ներքին և արտաքին քաղաքականությունը` սեփական ծրագրի հիման վրա։ Կառավարությունը նաև ղեկավարում է պետական կառավարման համակարգը։

 

Նոր նախագծով` նախագահը վարչապետի պաշտոնում նշանակում է խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցության կամ դաշինքի թեկնածուներից մեկին։

 

Քվեարկության ընթացքին հետևել են ավելի քան հարյուր միջազգային և մի քանի հազար տեղական դիտորդներ։–0–