Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Հայաստանում ՌԴ դեսպան. Չեմ կարծում, թե Ղարաբաղում լայնածավալ ռազմական գործողություններ կսկսվեն

02.08.2014, 16:54
Հայաստանում ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպան Իվան Վոլինկինը չի կարծում, թե ղարաբաղյան հակամարտության գոտում դրության ներկայիս սրումը կվերաճի լայնածավալ ռազմական գործողությունների։
Հայաստանում ՌԴ դեսպան. Չեմ կարծում, թե Ղարաբաղում լայնածավալ ռազմական գործողություններ կսկսվեն
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպան Իվան Վոլինկինը չի կարծում, թե ղարաբաղյան հակամարտության գոտում դրության ներկայիս սրումը կվերաճի լայնածավալ ռազմական գործողությունների։

«Չեմ կարծում, որ կհասնի ռազմական լայնածավալ գործողությունների։ Մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետև չի կարելի հարցերը լուծել ռազմական միջոցներով։ Պետք է, որ արագ հաստատվի զինադադար և հրադադարի ռեժիմ, իսկ կողմերը բանակցություններ վարեն»,– շաբաթ լրագրողներին ասաց դեսպանը։

«Մենք այն կարծիքին ենք, որ հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ միջոցներով»,– ավելացրեց նա։

Վերջին օրերին ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է շփման գծում։ Դիվերսիոն գործողությունների և ղարաբաղյան դիրքերի վրա գրոհների հետևանքով զոհվել են մոտ 15 ադրբեջանցի զինծառայողներ և ԼՂՀ Պաշտպանության բանակի երեք զինծառայողներ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-