Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+12

Հայոց ցեղասպանության հարցը պետք է դիտարկել պետական մտածելակերպի համատեքստում. փորձագետ

17.03.2015, 20:54
Հայոց ցեղասպանության հարցը պետք է դիտարկել պետական մտածելակերպի և պետական քաղաքականության համատեքստում, ասել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը «Sputnik–Արմենիա» ռադիոյի եթերում։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. Հայոց ցեղասպանության հարցը պետք է դիտարկել պետական մտածելակերպի և պետական քաղաքականության համատեքստում, ասել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը «Sputnik–Արմենիա» ռադիոյի եթերում։

Նրա խոսքով` այժմ աշխատանք է իրականացվում Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմերի, գրքերի, անձնական պատմությունների նկարագրության և տարածման ուղղությամբ։ Եվ չնայած գիտության տեսակետից դա սենտիմենտալ է թվում, սակայն լայն մասսաների կողմից հասարակական ճանաչման տեսակետից այդ ամենը շատ մեծ նշանակություն ունի։

«Եվ եկեք չմոռանանք, որ Աննա Ֆրանկի օրագրի շնորհիվ հազարավոր մարդիկ իմացան Հոլոքոստի պատմության և դրա մանրամասների մասին։ Այս հարցում կարելի է նշել նաև Հայոց ցեղասպանության մասին պատմող գրքերը», – ասել է Մելքոնյանը։

Նա նաև նշել է, որ մասամբ կիսում է այն տեսակետը, թե Հայոց ցեղասպանության մասին որոշ տեսական դրույթներ քիչ են ուսումնասիրված, և ավելի շատ գերիշխում է նկարագրական մասը։ «Մենք ունենք բազմաթիվ գրքեր, որտեղ նկարագրվում են կոնկրետ շրջաններում տեղի ունեցած ջարդերի մանրամասները, սակայն տեսական ցեղասպանագիտության համատեքստում այս ամենը քիչ է ուսումնասիրված», – ասել է նա։

Փորձագետը նշել է նաև Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի միայն մեկ գիրքը, որտեղ օգտագործվում է «պրոտոգենոցիդ» եզրույթն ու նկարագրված է այն իրավիճակը, որը վերջիվերջո հանգեցրել է Ցեղասպանության։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-