ՀՀ ԱԳ նախարարը կոչով դիմել է ադրբեջանցի իր գործընկերոջը
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացվեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
Այն մեկնարկեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի ներկայությամբ, որից հետո շարունակվեց առանձնազրույցի ձևաչափով։
Ինչպես հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպմանը շարունակվեցին նախորդ տարվա դեկտեմբերին կայացած քննարկումները՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիների շուրջ։
Նախարար Նալբանդյանը կոչ արեց Ադրբեջանի իր գործընկերոջը հետևել համանախագահների՝ հրադադարի համաձայնագրերը անշեղորեն հարգելու կոչերին, կատարել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատել հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքերին, ինչը կարող է ճանապարհ հարթել բանակցային գործընթացի առաջ մղման համար։
«Ժնևի գագաթաժողովին նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարաները և համանախագահները քննարկեցին հակամարտության գոտում լարվածության նվազեցման ուղղությամբ հավելյալ քայլերի իրականացումը և բանակցային գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,– ասվում է հաղորդագրությունում։
Կողմերը համաձայնություն ձեռք բերեցին իրականացնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունը։
Հանդիպման արդյունքում որոշվեց, որ փետրվարի առաջին կեսին եռանախագահները կայցելեն տարածաշրջան։ -0-