ՀՀ խորհրդարանը շնորհակալություն է հայտնել բոլիվիացի գործընկերներին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ խորհրդարանականները երախտագիտություն են հայտնել Բոլիվիայի խորհրդարանի զույգ պալատներին հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու համար։
Բոլիվիայի երկու պալատներն օրինագիծ են ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ։ Ինչպես նշել է Բոլիվիայի խորհրդարանի սենատոր Սոնյա Գուարդիա Մելգարը, Բոլիվիայի ժողովուրդն ու իշխանությունները ոչ միայն իրենց աջակցությունն են հայտնում հայ ժողովրդին արդարության համար պայքարի հարցում, այլ նաև դատապարտում են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության փաստի ժխտման ցանկացած դրսևորում։
«Իմ երախտագիտությունն եմ հայտնում Բոլիվիայի խորհրդարանի զույգ պալատներին, երկրի ղեկավարությանը եւ բարեկամ ժողովրդին՝ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման համար»,– ասաց Ազգային ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանը։
Մելգարի հայտարարությունում նշվում է, որ «միայն Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման միջոցով հնարավոր կլինի կանխել նմանատիպ հանցագործության կրկնությունն այլ ազգերի և ժողովուրդների կյանքում»։
Բոլիվիայի խորհրդարանի ընդունած փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ 1915 թվականի ապրիլի 24–ին Օսմանյան կայսրության իշխանությունները` «Միասնություն և առաջընթաց» կուսակցության առաջնորդները, երիտթուրքերը, սկսել են հայ մտավորականության` քաղաքական գործիչների, գիտնականների, գրողների, արվեստի գործիչների, հոգևորականության, հասարակական գործիչների և այլ մասնագետների ձերբակալություններ և ծրագրված արտաքսում։ Բացի այդ, Արևմտյան Հայաստանի պատմական տարածքում և Անատոլիայում նրանք կազմակերպել են հայ ժողովրդի զանգվածային ջարդեր։
Խորհրդարանի երկու պալատները նշել են, որ «հաստատում են իրենց հավատարմությունն այնպիսի արժեքներին, ինչպիսիք են` մարդու իրավունքները, ճշմարտությունն ու արդարությունը, իրենց օժանդակությունն են հայտնում և դատապարտում են Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի դեմ կատարած ծանր հանցագործության ժխտման քաղաքականությունը»։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:00 01.12.2014