ՀՀԿ–ն քննարկել է Սերժ Սարգսյանի թեկնածութունը վարչապետի պաշտոնում
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրապետական կուսակցությունը քննարկել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ Այդ մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստի արդյունքներով հայտարարեց Հայաստանի ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
Ապրիլի 9–ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց երկրի Ազգային ժողովի հատուկ նիստ, որի ընթացքում կայացավ Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության հանդիսավոր արարողությունը։ Նա դարձավ Հայաստանի առաջին նախագահը, ով ընտրվեց խորհրդարանի կողմից երկրի` խորհրդարանական իշխանավարմանն անցնելուց հետո։
Հայաստանում 2015 թվականին ընդունված բարեփոխումներից հետո երկիրն անցավ խորհրդարանական իշխանավարման, որի հիմնական փուլն ավարտվեց ապրիլի 9–ին, երբ Արմեն Սարգսյանը ստանձնեց պաշտոնը։ Նույն օրը դադարեցվեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, իսկ կառավարությունը հրաժարական տվեց։
«ՀՀԿ–ի գործադիր մարմնի նիստում քննարկել և միաձայն ընդունել ենք Հանրապետական կուսակցության ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությունը։ Սակայն տվյալ առաջարկությունն ինստիտուցիոնալացվել է շաբաթ օրը ՀՀԿ խորհրդի նիստում, երբ պաշտոնապես կառաջադրվի մեր կուսակցության թեկնածուն»,– ասաց Շարմազանովը։
ՀՀԿ խմբակցությունը երկուշաբթի պաշտոնապես կներկայացնի կուսակցության խորհրդի կողմից հաստատված թեկնածությունն ԱԺ–ին։ -0-