Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը շփման գծում
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և ականանետային զինատեսակներից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը շուրջ 65 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց:
Ըստ հաղորդման, առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան (Ակնա) և հարավարևելյան (Մարտունի) պաշտպանական հատվածներում:
Միայն Մարտունու ուղղությամբ ադրբեջանական զինուժը հայկական բնագծերն արկակոծել է 14 անգամ, որից 9-ը՝ 60 մմ-ոց, 5-ը՝ 82 մմ-ոց ականանետերից:
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները՝ հիմնականում Մարտունու ուղղությամբ, դիմել են պատժիչ գործողությունների և նրան ստիպել ձեռնպահ մնալ հետագա սադրիչ քայլերից:
Ինչպես շփման գոտու նշված հատվածում, այնպես էլ պաշտպանական մյուս ուղղություններում հայկական ստորաբաժանումները շարունակել են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրը և հակառակորդին պարտադրել իրենց կամքը:
Այս պահի դրությամբ առաջնագծի ողջ երկայնքով իրադրությունը համեմատաբար հանգիստ է: