Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+24

Իսրայել Չարնին առաջարկում է Ցեղասպանություն վերապրած ժողովուրդների համաշխարհային կազմակերպություն ստեղծել

22.04.2015, 15:04
Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի տնօրեն, իսրայելցի փորձագետ-ցեղասպանագետ Իսրայել Չարնին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովի ընթացքում առաջարկել է Հայաստանի գլխավորությամբ Ցեղասպանությունը վերապրած ժողովուրդների համաշխարհային կազմակերպություն ստեղծել։
Իսրայել Չարնին առաջարկում է Ցեղասպանություն վերապրած ժողովուրդների համաշխարհային կազմակերպություն ստեղծել
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի տնօրեն, իսրայելցի փորձագետ-ցեղասպանագետ Իսրայել Չարնին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովի ընթացքում առաջարկել է Հայաստանի գլխավորությամբ Ցեղասպանությունը վերապրած ժողովուրդների համաշխարհային կազմակերպություն ստեղծել։

«Առաջարկում եմ այդ կազմակերպությունն անվանել «Հանուն կյանքի իրավունքի գործող երկրների միություն»։ Այդ կազմակերպությունը հզոր հարված կդառնա ժխտման քաղաքականությանը։ Դրա հիմնական գործառույթը պետք է դառնա ցեղասպանությունների կանխարգելումը։ Եկել է ժամանակը, որ մենք` ցեղասպանությունների ուսումնասիրության ոլորտի մասնագետները, սկսենք զբաղվել մարդկության դեմ իրականացվող հանցագործությունների կանխարգելման գործով», – ասել է Չարնին։

Խոսելով Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին` պրոֆեսորն ընդգծել է, որ իր կարծիքով` այն սկսվել է ոչ թե 1915թ.–ին, այլ` 1895թ.–ին, երբ ջարդ սկսվեց սուլթան Աբդուլ Համիդի հրամանով։

«Այս փաստը մատնանշում է Անկարայի դիրքորոշման անկարողությունը, այն, որ 1915թ.–ին պատերազմի ժամանակ օսմանական իշխանությունները պարզապես փորձում էին վերացնել սպառնալիքը` ի դեմս հայերի», – ընդգծել է նա։

Չարնին հիշել է, որ այն ժամանակ կոչ էր արվում ջիհադ իրականացնել հայերի նկատմամբ` ընդգծելով, որ, ըստ էության, դրանք նույն կոչերն են, որոնք հիմա օգտագործում է «Իսլամական պետություն» խմբավորումը։

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա համաժողովն անցկացվում է  Երևանում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում։ Համաժողովին մասնակցում է տարբեր երկրներից ժամանած ավելի քան 600 ներկայացուցիչ։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգները, ինչպես նաև` Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0–