Կարեն Կարապետյանը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական Նոր Հարավային Ուելս (New South Wales)խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հայտնում է հայկական կառավարության մամուլի ծառայությունը։
«Հարգելի տիկին Բերեջիկլյան, հայկական կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ Նոր Հարավային Ուելս ավստրալական նահանգի վարչապետ նշանակվելու կապակցությամբ»,– նշել է Կարապետյանը։
Նրա խոսքով, Ավստրալիայի հայ համայնքը, որն ակտիվ մասնակցություն ունի երկրի հասարակական–քաղաքական կյանքում, իր ավանդն է ներդնում զանազան ոլորտների զարգացման գործում։
«Հույս ունեմ, որ ձեր պաշտոնավարման ընթացքում նոր ազդակ կհաղորդվի Հայաստանի և Ավստրալիայի միջև հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես, մեր մարզերի և քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցությանը»,– ընդգծել է հայ վարչապետը։
46-ամյա Բերեջիկլյանը, ով դարձել է նահանգի 45-րդ վարչապետը, մինչ այս զբաղեցրել է Նոր Հարավային Ուելսի գանձապետի պաշտոնը, իսկ ավելի վաղ եղել է նահանգի Տրանսպորտի նախարարը:
Բերեջիկլյանը, ով ներկայացնում է Նոր Հարավային Ուելսի Լիբերալ կուսակցությունը, Ավստրալիայի նահանգի առաջին կին վարչապետն է:
2013 թ.-ին Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավորների պատվիրակության կազմում Բերեջիկլյանը այցելել է Ղարաբաղը, ինչից հետո հայտնվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»:
Բերեջիկլյանը ծնվել է 1970 թ.-ին Սիդնեյում, Մերձավոր Արևելքից հայ ներգաղթյալների ընտանիքում: Նրա նախնիները փրկվել են Օսմանյան կայսրությունում 1915 թ.-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից: -0-