Խաղաղության պայմանագրի տեքստն ամբողջապես համաձայնեցված է
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/. Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի 10-րդ խմբագրությունը։ Այս մասին այսօր Լյուքսեմբուրգի պաշտոնակցի հետ ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանի փոխանցմամբ՝ այն ներառում է ամբողջապես համաձայնեցված տեքստը։
«Սրանք համաձայնեցված հոդվածներ են կամ մի քանի հոդվածի համաձայնեցված մասեր։ Ըստ էության՝ սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։ Մենք հավատացած ենք, որ իրական հնարավորություն կա սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագիրը ստորագրել և Հարավային Կովկասում, մեր մասով, երկարատև կայունության և խաղաղության էջ բացել»,- հայտարարեց Միրզոյանը։
Նա չմանրամասնեց ենթակառուցվածքներին առնչվող հարցը, նշելով, սակայն, որ Հայաստանի մոտեցումը հանրահռչակված է։
«Մենք պատրաստ ենք օր, րոպե առաջ սկսել ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը՝ մեզ բոլորիս հայտնի խաղաղության խաչմերուկի սկզբունքների շրջանակում»,- նշեց նախարարը։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:48 09.09.2024