ԼՂՀ կառավարությունը հավանություն է տվել գործադիր մարմնի` 2015-2017թթ.–ի գործունեության ծրագրին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ կառավարությունը նախօրեին տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ հավանություն է տվել գործադիր մարմնի` 2015-2017թթ.–ի գործունեության ծրագրին, որը պետք է ներկայացվի նորընտիր ԱԺ-ի քննարկմանը, հայտնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը նշել է, որ ծրագիրը մշակվել է պետական կառավարման մարմինների՝ ոլորտային քաղաքականությունների վերաբերյալ առաջարկությունների հիման վրա՝ ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության, Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի դրույթներով և հաշվի առնելով նորընտիր Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների ծրագրային դրույթների ընդհանրությունները:
«Առաջարկվող ծրագրով կառավարությունը նախատեսում է շարունակել իր գործունեությունը՝ ուղղված հնգամյա գործունեության համար հռչակած հետևյալ 4 գերակայությունների իրագործմանը` տնտեսական զարգացում և աճի կայուն տեմպերի ապահովում, առողջ, կիրթ, զարգացած և հայրենասեր հասարակության կայացում, նրա բոլոր անդամների համար կյանքի բարեկեցիկ և արժանապատիվ պայմանների ապահովում, Արցախի պետականաշինությունը և պաշտպանունակությունն ապահովող ինստիտուտների զարգացում, ԼՂՀ միջազգային ճանաչում և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորում», – նշել է Գրիգորյանը։
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը նշել է, որ կառավարության ծրագիրը, որը սկիզբ է դրվել 2007 թվականին և որոշակի չափով փոփոխվել 2012-ին, ԱԺ-ի առաջիկա նիստի հաստատմանն է ներկայացվելու առանց արմատական փոփոխության՝ ակնկալելով պատգամավորների աջակցությունը կառավարության վստահության հարցում։
«Այս ծրագրով է գործադիրը առաջնորդվելու մինչև 2017 թվականը՝ ապահովելով սկսված աշխատանքների շարունակականությունը», – ասել է Հարությունյանը։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
16:33 09.06.2015