Рейтинг@Mail.ru
USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+19

ԼՂՀ պաշտպանության նախարար. Մեր սահմանների փոփոխությունը կլինի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հաշվին

04.08.2014, 14:39
Մեր սահմանների փոփոխությունը կլինի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հաշվին, նախազգուշացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ լեյտենանտ Մովսես Հակոբյանը։
ԼՂՀ պաշտպանության նախարար. Մեր սահմանների փոփոխությունը կլինի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հաշվին
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Մեր սահմանների փոփոխությունը կլինի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հաշվին, նախազգուշացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ լեյտենանտ Մովսես Հակոբյանը։

«Վերջին իրադարձություններից հետո ադրբեջանցի ժողովուրդը պետք է հասկանա, թե ինչ հետևանքներ կունենա իրենց իշխանությունների ցանկացած արկածախնդրություն` միայն կավելանա կորուստների թիվը, բայց մեր սահմանի փոփոխություններ չեն լինի։ Իսկ եթե լինեն, ապա Ադրբեջանի տարածքային ամբողջականության հաշվին»,– ասել է Հակոբյանն Արցախի հեռուստատեսության եթերում։

Նախարարը միաժամանակ նշեց, որ սպառազինության տեսանկյունից ադրբեջանական կողմը որոշակի փոփոխություններ ունի, իսկ գործողություններում որևէ փոփոխություն ինքը չի տեսնում` «նույն անպատրաստ և անիմաստ գործողությունները, ինչ 1992-1994 թվականներին»։

«Հակառակորդը նույնն է մնում, փոխվել են միայն սպառազինության որոշ տեսակներ, ավելի ժամանակակից են դարձել։ Եվ ինչպես նախորդ պատերազմում, այս մի քանի փոքր դրվագներում նրանք մեզ որոշակի օգնություն են տրամադրել` հատուկ տեխնիկա մատակարարելով»,– ավելացրել է Հակոբյանը։

Վերջին օրերին ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է շփման գծում։ Դիվերսիոն գործողությունների և ղարաբաղյան դիրքերի վրա հարձակումների հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել են ավելի քան 25 ադրբեջանցի զինծառայողներ և ԼՂՀ պաշտպանության բանակի հինգ զինծառայողներ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-