Рейтинг@Mail.ru
USD
397.88
EUR
418.65
RUB
3.74
GEL
138.39

Երևանի դիրքորոշումն Ուկրաինայի վերաբերյալ կապված է հին վիրավորանքների հետ

26.05.2015, 13:27
Ուկրաինական ճգնաժամի հարցով պաշտոնական Երևանի դիրքորոշումը կապված է հին վիրավորանքների հետ, երեքշաբթի ասաց Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը «Կովկաս 2014» միջազգային համաժողովի ընթացքում։
Երևանի դիրքորոշումն Ուկրաինայի վերաբերյալ կապված է հին վիրավորանքների հետ
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Ուկրաինական ճգնաժամի հարցով պաշտոնական Երևանի դիրքորոշումը կապված է հին վիրավորանքների հետ, երեքշաբթի ասաց Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը «Կովկաս 2014» միջազգային համաժողովի ընթացքում։

Մինասյանի խոսքով` ակնհայտ է, որ Հայաստանը նույն կերպ, ինչպես և մյուս հետխորհրդային երկրները, բացարձակ անպատրաստ գտնվեց Մայդանում և Ղրիմի իրադարձություններից հետո կատարված զարգացումներին։

«Դա դրսևորվեց նրանում, որ 2014 թվականի ամբողջ մարտը հայկական քաղաքական ղեկավարությունը, կարելի է ասել, մեռելային լռություն էր պահպանում Ուկրաինայի իրադարձությունների հարցում։ Դա հասկանալի է, Ուկրաինայում բավականին մեծ հայկական համայնք կա, իսկ մյուս կողմից` Ռուսաստանում հայկական համայնքը խոշորագույններից մեկն է»,– ասաց Մինասյանը` երեքշաբթի ելույթ ունենալով «Հայաստան 2014` ԵՄ–ի և ԵՏՄ–ի միջև» թեմայով զեկույցով։

Ղրիմի իրադարձություններից գրեթե մեկ ամիս անց, փորձագետի խոսքով, Երևանը դիրքորոշում արտահայտեց Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույցում։  

Մարտի 19–ին երկու երկրների նախագահները հեռախոսազրույցում փաստել են, որ Ղրիմի հանրաքվեն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման հերթական օրինակ է ազատ կամարտահայտման ճանապարհով։

«Միաժամանակ, Հայաստանում քաղաքացիական հասարակության մասը բացասաբար է վերաբերվել դրան։ Բնականաբար, հետաքրքիր էր նաև Հայաստանի քվեարկությունը ՄԱԿ–ի գերագույն վեհաժողովի նստաշրջանում Ղրիմի բանաձևի շուրջ»,– ասաց Մինասյանը։

Նա ավելացրեց, որ շատերը սկսել են խոսել Հայաստանի ռուսամետ դիրքորոշման վերաբերյալ այդ հարցում, որովհետև 90–ականներից Ուկրաինան Ադրբեջանին զենք մատակարարողներից մեկն էր, սատարում էր Բաքվին Լեռնային Ղարաբաղի հարցում և այլն։

Սակայն, Մինասյանի խոսքով, հայկական իշխանությունների ընկալման վրա ամենից շատ ազդել է այն, որ և Ղրիմում, և հետագայում Ուկրաինայում ամեն ինչ խորհրդանշում էր այն հետխորհրդային սահմանների ապաօրինականացումը, որոնք ձևավորվել էին ԽՍՀՄ փլուզումից հետո, ինչպես նաև միջազգային անվտանգության ժամանակակից համակարգերի խորը ճգնաժամը։

«Հայկական ղեկավարության դիրքորոշումը Ղրիմի հարցով հիմնավորված է նրանով, որ Հայաստանը չի կարող այլ դիրքորոշում ունենալ, որը չարտացոլեր ազգերի ինքորոշման սկզբունքը»,– ասաց Մինասյանը։

Մարտի 27–ին Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ–ի Գերագույն ասամբլեայի բանաձևին, որում Ղրիմի հանրաքվեն անվանվել է օրենքի ուժ չունեցող։ Նույն օրերին ուկրաինական ԶԼՄ–ները հաղորդում են տարածել, որ Ուկրաինան որոշել է Կիև կանչել Հայաստանում իր դեսպանի`ն խորհրդակցությունների համար։ -0-