Միրզոյանը հնարավոր է համարում բոլոր կողմերի շահերի խաղաղ համադրումը Հայաստանի ենթակառուցվածքային և այլ նախագծերի իրականացման համատեքստում
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հնարավոր է համարում բոլոր կողմերի շահերի խաղաղ համադրումը Հայաստանի ենթակառուցվածքային և այլ նախագծերի իրականացման համատեքստում:
«Մենք ամեն ինչ անելու ենք, որ բոլոր ենթակառուցվածքային, բայց նաև մյուս ծրագրերը, որոնք Հայաստանում կարող են կենսագործվել, ձեռնտու լինեն և բխեն առաջինը Հայաստանի Հանրապետության շահերից, նաև շահավետ լինեն մեր հարևանների համար, այսինքն` փոխշահավետություն լինի։ Դա լինեն Ամերիկայի Միացյալ Նահանգները, լինի Եվրոպական Միությունը, Ռուսաստանի Դաշնությունը, դա լինեն Մերձավոր արևելյան երկրներ և այլն», – ասել է նա Հանրային հեռուստաընկերության եթերում։
Միրզոյանի խոսքով, ենթակառուցվածքների ապաշրջափակումը որոշակի հարցեր է առաջացրել Իրանում, հարցերին տրվել են պատասխաններ, և հիմա Երևանն ու Թեհրանը ենթակառուցվածքների ապաշրջափակման մեջ ավելի շատ հնարավորություններ են տեսնում, քան բաց հարցեր, կամ նույնիսկ մտահոգություններ, կամ էլ խնդիրներ։
«Այն ենթակառուցվածքները, որոնք կառուցվելու են կամ վերակառուցվելու են, գործարկվելու են կամ վերագործարկվելու են նույն Իրանի համար հնարություններ են ստեղծելու։ Ինչի՞ պետք է Իրանը դեմ լինի այդ ծրագրերին»,– ասել է նա։
Խոսելով Ռուսաստանի մասին՝ ԱԳ նախարարը նշել է, որ ՌԴ–ն ներգրավված է ենթակառուցվածքային նախագծերում, և նրա համար հնարավորություն է ստեղծվելու, որ առնչվի այս թեմաների հետ։
«Մենք այս մասին լսել ենք պաշտոնական մեկնաբանություններ Ռուսաստանից։ Եթե չեմ սխալվում, իրենք էլ են պատրաստ մասնակցել, իրենք էլ են պատրաստ աջակցել», – ասել է Միրզոյանը։