Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Մնացականյանն ու Մոգերինին քննարկել են ԼՂ կարգավորումը և ԵՄ–ի հետ օրակարգի հարցեր

13.06.2019, 20:20
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին հանդիպել են նախարարի` Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում։
Մնացականյանն ու Մոգերինին քննարկել են ԼՂ կարգավորումը և ԵՄ–ի հետ օրակարգի հարցեր

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին հանդիպել են նախարարի` Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում։ Այս մասին հայտնում է հայկական արտաքին քաղաքական գեչատեսչության մամուլի ծառայությունը։

«Զոհրաբ Մնացականյանը և Ֆեդերիկա Մոգերինին քննարկեցին ՀՀ-ԵՄ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կողմերն ընդգծեցին, որ Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության խորհրդի երկրորդ նիստը լավ առիթ է՝ ամփոփելու և գնահատելու խորհրդի առաջին նիստից հետո կատարված աշխատանքները և ուրվագծելու գործընկերության շրջանակներում ձեռնարկվելիք հետագա քայլերը»,– ասվում է հաղորդման մեջ։

Նշվում է, որ Մնացականյանն առանձնահատուկ կարևորեց կառավարության որդեգրած բարեփոխումների և զարգացման օրակարգին ԵՄ աջակցության շարունակականությունը: ՀՀ ԱԳ նախարարը ընդգծեց ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն ծավալելու կարևորությունը՝ հատկապես մարդկանց միջև շփումներն ընդլայնելու համատեքստում:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք օրակարգային հարցերի շուրջ:

Բարձր հանձնակատարի խնդրանքով նախարար Մնացականյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները։

«Նախարար Մնացականյանն ընդգծեց խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը և այս տեսակետից կարևորեց հրադադարի անվերապահ պահպանումը և ամրապնդումը: Երկուստեք արժևորեց վստահության ամրապնդման միջոցառումների և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման պայմանավորվածությունների իրականացումը: Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատեց ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին»,– ասվում է հաղորդագրությունում։ -0-