Թուրքիան և միջազգային հանրությունը տարբեր լեզուներով են խոսում. Նալբանդյան
14.04.2015,
10:55
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով Հայոց ցեղասպանության մասին Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայտարարության նկատմամբ Անկարայի արձագանքը, ընդգծեց, որ Թուրքիան և միջազգային հանրությունը խոսում են տարբեր լեզուներով։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով Հայոց ցեղասպանության մասին Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայտարարության նկատմամբ Անկարայի արձագանքը, ընդգծեց, որ Թուրքիան և միջազգային հանրությունը խոսում են տարբեր լեզուներով։
Կիրակի ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված պատարագի սկզբում Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ XX դարում մարդկությունը վերապրել է երեք «մեծ չլսված ողբերգություն»` Հայոց ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը։ Նա հայերի, սիրիացի կաթոլիկների և ուղղափառների, ասորիների և հույների` նախորդ հարյուրամյակի սկզբում վերապրած տանջանքները բնութագրել է որպես «ХХ դարի առաջին ցեղասպանություն»։ Հռոմի պապի հայտարարությունից հետո Թուրքիան հետ է կանչել Վատիկանում Թուրքիայի դեսպանին, իսկ բացատրություն տալու համար Թուրքիայի ԱԳՆ են կանչել Անկարայում Վատիկանի դեսպանին։
Նալբանդյանի խոսքով` Հռոմի Պապ Ֆրանցիկոս I-ի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագին արված հայտարարությունը կարևոր ուղերձ էր համերաշխության, զորակցության հայ ժողովրդին, ուղերձ էր նաև՝ ի աջակցություն միջազգային հանրության ջանքերի՝ ուղղված մարդկության դեմ նոր հանցագործությունների, ցեղասպանությունների կանխարգելմանը։
«Սա աշխարհի 1 մլրդ 200 միլիոն կաթոլիկների հոգևոր առաջնորդի խոսք է։ Եթե Թուրքիայում համաձայն չեն այդ կարծիքի հետ, համաձայն չեն Հայոց ցեղասպանությունը ճանաչած բազմաթիվ երկրների, միջազգային կառույցների կարծիքի հետ, ապա դա Թուրքիայի խնդիրն է, այլ ոչ թե միջազգային հանրության։ Դա փաստում է, որ Թուրքիան և միջազգային հանրությունը խոսում են տարբեր լեզուներով»,– ասաց Նալբանդյանը։
Նա նշեց, որ դա ևս մեկ ապացույց է, որ Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը պետական մակարդակով՝ դրանով իսկ վերցնելով Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից իրականացված հանցագործության պատասխանատվությունը։
«Առաջնորդվելով համամարդկային վեհ արժեքներով` իր իմաստուն խոսքն ասաց Հռոմի Պապը` հայտարարելով, որ «քողարկել կամ ժխտել չարիքը նշանակում է արնաքամ անել վերքը առանց վիրակապելու»։ Ժխտողականությունը հաշտեցման դուռ չի բացում, այն մարդկության դեմ նոր հանցագործությունների դուռ է բացում»,– ասաց Հայաստանի ԱԳՆ–ի ղեկավարը։ -0-