Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Ադրբեջանի` Հայաստանի և Արցախի հետ ուժի լեզվով խոսելու փորձերը չեն հանգեցնի ղարաբաղյան հակամարտության լուծմանը. նախագահ

18.03.2015, 21:21
Ադրբեջանի` Հայաստանի և Արցախի հետ ուժի լեզվով խոսելու փորձերը չեն հանգեցնի ղարաբաղյան հակամարտության լուծմանը, չորեքշաբթի ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Արարատի ստորոտին» 5–րդ միջազգային մեդիա ֆորումի ընթացքում։
Ադրբեջանի` Հայաստանի և Արցախի հետ ուժի լեզվով խոսելու փորձերը չեն հանգեցնի ղարաբաղյան հակամարտության լուծմանը. նախագահ
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանի` Հայաստանի և Արցախի հետ ուժի լեզվով խոսելու փորձերը չեն հանգեցնի ղարաբաղյան հակամարտության լուծմանը, չորեքշաբթի ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Արարատի ստորոտին» 5–րդ միջազգային մեդիա ֆորումի ընթացքում։

«Ադրբեջանի ջանքերը՝ փոխել Մինսկի խմբի ձևաչափը, փորձել ՀՀ և ԼՂ հետ խոսել ուժի, սադրանքների կամ շանտաժի դիրքերից, չեն հանգեցնի խնդրի լուծմանը: Սա միանշանակ է», - ասել է Սարգսյանը։

Նա հիշեցրեց Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2015 թվականի հունվարի 27-ին Կրակովում արած հայտարարությունը, որում կոչ էր արվում Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իր հանձնառություններին:

«Ես վստահ եմ, որ զսպվածության մասին հասցեական կոչերի շարունակությունը հասցեատիրոջ մոտ որոշակի զգոնություն կառաջացնի»,– ասաց Սարգսյանը։

Ըստ նրա, Հայաստանի մոտեցումը հակամարտության լուծման հարցում անփոփոխ է` հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից խաղաղ բանակցությունների ճանապարհով  Հելսինկիի եզրափակիչ ակտում համանախագահների առաջարկած երեք հայտնի սկզբունքներով։

«Ակնհայտ է մի բան. այսօրվա աշխարհի կայունության ու բնականոն զարգացման գրավականը խաղաղ գոյակցությունն ու հանդուրժողականությունն են: Հենց այս սկզբունքով ենք առաջնորդվում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում՝ թույլ չտալով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և սադրիչ գործողությունների պատճառով խաղաղ բանակցությունների ձախողումը»,– ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ, ի տարբերություն Ադրբեջանի իշխանությունների, որոնք իրենց սադրիչ գործողություններով վտանգում են ոչ միայն սեփական պետության, այլև տարածաշրջանի անվտանգությունը, Հայաստանը քաջ գիտակցում է այդ արկածախնդիր քաղաքականության ծանր հետևանքները:

«Հետևաբար, զսպելով ադրբեջանական ռազմական սադրանքները, մենք փորձում ենք կանխել նոր հակամարտության բռնկումը, ինչը լրջորեն կխաթարի առանց այն էլ անկայուն իրավիճակը մեր ողջ տարածաշրջանում: Մենք թշնամություն և ատելություն չենք սերմանում մեր ժողովրդի մեջ, ինչը Ադրբեջանի իշխանությունների՝ տարիներ շարունակ տարվող քաղաքականության անքակտելի բաղկացուցիչն է»,– ասաց Սարգսյանը։

«Ադրբեջանի սպառնալիքներից և սադրանքներից անկախ՝ պատմության անիվն այսօր անհնարին է հետ շրջել. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այլևս կայացած իրողություն է, իսկ նրա ժողովրդի ազատատենչ ոգին անհնարին է կոտրել: Դրանում համոզվելու համար կոչ եմ անում ձեզ այցելել Լեռնային Ղարաբաղ՝ տեղում ծանոթանալու Արցախի պետականաշինությանը և օբյեկտիվ իրականությունը ներկայացնելու ձեր հասարակություններին»,– ասաց Սարգսյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-