Рейтинг@Mail.ru
USD
394.35
EUR
413.87
RUB
3.8
GEL
139.79

Օբաման կդատապարտի Օսմանյան կայսրության վերջին տարիներին տեղի ունեցած սարսափելի իրադարձությունները. ԱՄՆ դեսպան

24.04.2014, 11:57
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ամենամյա ուղերձում կդատապարտի իրադարձությունները, որոնք 20–րդ դարի ամենածանր հանցագործություններից են, հինգշաբթի լրագրողներին ասել է ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելուց հետո։
Օբաման կդատապարտի Օսմանյան կայսրության վերջին տարիներին տեղի ունեցած սարսափելի իրադարձությունները. ԱՄՆ դեսպան
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ամենամյա ուղերձում կդատապարտի իրադարձությունները, որոնք 20–րդ դարի ամենածանր հանցագործություններից են, հինգշաբթի լրագրողներին ասել է ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելուց հետո։

«Վստահ եմ, որ ԱՄՆ նախագահը հերթական անգամ կհարգի 1915 թ.–ի 1,5 մլն զոհերի, Օսմանյան կայսրության վերջին տարիներին տեղի ունեցած ջարդերի և զանգվածային սպանությունների զոհերի հիշատակը։ Վստահ եմ, որ նախագահը կդատապարտի այդ իրադարձությունները, որոնք 20–րդ դարի ամենասարսափելի իրադարձություններն են, նա հանդես կգա ուժեղ հայտարարությամբ», – ասել է Հեֆերնը։

Միաժամանակ դեսպանը հրաժարվել է մեկնաբանել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հայտարարությունը։

«Ես ՀՀ–ում ԱՄՆ դեսպանն են և մտադիր չեմ մեկնաբանել։ Հնարավոր է, որ պաշտոնական Վաշինգտոնը որևէ մեկնաբանություն անի, սակայն ես այդ հարցում մեկնաբանություն չունեմ», – ասել է դիվանագետը։

Այն հարցին, թե ի՞նչն է խանգարում ԱՄՆ–ն պաշտոնապես ճանաչել 1915 թ.–ի Հայոց ցեղասպանությունը, դեսպանը նշել է, որ մի քանի ժամից նախագահը հանդես կգա ուղերձով ապրիլի 24–ի ողբերգական իրադարձությունների կապակցությամբ։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-