Рейтинг@Mail.ru
USD
394.35
EUR
413.87
RUB
3.8
GEL
139.79

Օհանյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկեց ղարաբաղյան հակամարտության կողմերի շփման գծում տիրող իրավիճակը

19.02.2015, 20:30
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հինգշաբթի քննարկեց ղարաբաղյան հակամարտության կողմերի շփման գծում տիրող իրավիճակը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոի (Ֆրանսիա) հետ, հայտնում է պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Օհանյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկեց ղարաբաղյան հակամարտության կողմերի շփման գծում տիրող իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հինգշաբթի քննարկեց ղարաբաղյան հակամարտության կողմերի շփման գծում տիրող իրավիճակը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոի (Ֆրանսիա) հետ, հայտնում է պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, քննարկվել են նաև համանախագահների հետ նույն ձևաչափով նախորդ հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները։

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է առաջնագծում վերջին շրջանում տեղի ունեցած հիմնական պատահարները, լարվածության կտրուկ աճը պայմանավորող հնարավոր գործոների մասին իր տեսակետները:

Կողմերը մտահոգություն են հայտնել վերջին ամիսներին հակամարտող ուժերի միջև շփման գծում իրավիճակի թեժացման կապակցությամբ` միակարծիք լինելով վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման անհրաժեշտության հարցում:

Քննարկվել են առաջնագծում վստահության ամրապնդման և պատահարների բացառման մի շարք հնարավոր լուծումներ, որոնք կյանքի կոչելու ուղղությամբ Սեյրան Օհանյանը հայտնել է հայկական կողմի անվերապահ հանձնառությունը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-