Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

Օլանդը հաստատել է Հայոց ցեղասպանության օրը Երևան այցելելու իր մտադրությունը

29.01.2015, 18:08
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաստատել է 2015 թվականի ապրիլի 24–ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Հայաստան այցելելու մտադրությունը։
Օլանդը հաստատել է Հայոց ցեղասպանության օրը Երևան այցելելու իր մտադրությունը
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաստատել է 2015 թվականի ապրիլի 24–ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Հայաստան այցելելու մտադրությունը։

Այդ մասին Օլանդը հայտնել է նախօրեին` այդ երկրում Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկը նշանավորող Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած միջոցառման ժամանակ։

Ելույթի ժամանակ նա բարձր գնահատեց ֆրանսահայերի դերը երկրի զարգացման գործում։

«Այսօր, երբ մեր երկիրը դարձել է բարբարոսության, անհանդուրժողականության, ատելության և ահաբեկչության թիրախ, դուք` ֆրանսահայերդ, մեզ բոլորիս արժանապատվության օրինակ եք ծառայում, ինչը մեր ընդհանուր հպարտության առարկան է»,– մեջբերեցին Օլանդի խոսքը հայկական ԱԳՆ–ի մամուլի ծառայությունից։

Խոսելով ղարաբաղյան խնդրի մասին` նախագահը հայտնեց, որ Ֆրանսիան չի հանձնվի և կշարունակի ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-