Պարտադիր զինծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու նախագիծը ՊՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. ՀՀ ՊՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է պարտադիր զինծառայության ժամկետը կրճատել 6 ամսով և սահմանել 18 ամիս։
Նշվում է, որ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման անհրաժեշտությամբ:
ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի:
Վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր, ի դեմս՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի, որի արդյունքները գնահատվում են դրական և միտում ունեն առավել գրավիչ դարձնել և ընդլայնել պայմանագրային զինվորական ծառայությունը:
Այդ կապակցությամբ՝ նպատակահարմար է գտնվել շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2026 թվականի ամառային զորակոչից սկսած կրճատել 6 ամսով՝ սահմանելով 18-ամսյա ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն:
Օրենքի նախագծի ընդունմամբ կանխատեսվում է պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ուղղությամբ ծախսերի նվազում՝ սկսած 2028 թվականից, քանի որ 2026թ. ամառային զորակոչի շրջանակներում հուլիսի 1-ից սկսած 18 ամիս ծառայության ժամկետն ավարտվում է 2027թ. դեկտեմբերի 31-ին:
«Օրենքի նախագծի ընդունման արդյունքում այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարման անհրաժեշտություն չի առաջանում»,-նշվում է հիմնավորման մեջ։