Փաշինյանն ազնիվ է իր քաղաքական ուղղվածության մեջ, որն ինձ համար ընդունելի է. Կոստանյան

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նիկոլ Փաշինյանն ազնիվ է իր նպատակների մեջ, ազնիվ է իր ցանկությունների մեջ, ինձ համար սա չափազանց կարևոր նշանակություն ունի, «Ազատություն» ռ/կ–ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը։
«Նա ազնիվ է նաև իր քաղաքական ուղղվածության մեջ, որն ինձ համար ընդունելի է։ Եթե ես գտնում եմ, որ և′ նպատակների, և′ ցանկությունների, և′ գործողությունների մեջ կա այդ ազնվությունը և ուղղված է երկրի բարօրությանը, ես միշտ կկանգնեմ իր կողքին ցանկացած պահի», – նշել է Կոստանյանը։
Նա նաև կարևորել է մի սկզբունք. այսօր կա իշխանություն, եթե այդ իշխանությունը ձախողեց, ձախողվում է ամբողջ երկիրը, ձախողվում է մեզանից յուրաքանչյուրը և յուրաքանչյուրիս երեխայի ապագան։
«Հետևաբար ես ողջամտորեն չեմ կարծում, որ որևէ մեկն, անկախ կուսակցական շահերի հանգամանքից, որևէ ձևով կխոչընդոտի կամ պետք է խոչընդոտի ներկայիս իշխանության գործունեությանը», – ասել է Կոստանյանը` համոզմունք հայտնելով, որ ցանկացած ողջամիտ մարդ պետք է օժանդակի այսօրվա իշխանությանը, այսօրվա կառավարությանը, որովհետև «դա է երկրի առաջընթացի երաշխիքը»։
«Չեմ կարծում, որ մեր խնդիրը նեղ կուսակցական, նեղ անձնական կամ նեղ քաղաքական շահերն են։ Բոլորի մտահոգությունը, իմը հատկապես և մասնավորապես, վերաբերում է երկրի ճակատագրին։ Կա հասարակական լայն կոնսոլիդացիա հենց Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ։ Եվ դա նշանակում է, որ եթե մենք ունենք լայն զանգվածների հասարակական կոնսոլիդացիա, հետևաբար այսօրվա իշխանությունը և կոնկրետ Նիկոլ Փաշինյանը` որպես վարչապետ, ունի ժողովրդական և հանրային աջակցության այն մակարդակը, որը կարիք ունի օժանդակելու նաև իրավական հարթության մեջ», – հայտարարել է Կոստանյանը։
Նրա խոսքով, դա նշանակում է` եթե հիմա այս պայմաններում որևէ քաղաքական ուժ առաջադրի իր վարչապետի թեկնածուին, սա առաջացնելու է շատ լուրջ քաղաքական և հասարակական ռեզոնանս։
«Եթե կա որևէ վարչապետի թեկնածու, որն ունի առնվազն կամ ավելի շատ հասարակական կոնսոլիդացիայի հիմք, մենք կարող ենք քննարկել բայց ես չեմ տեսնում։ Հետևաբար, ես կարծում եմ, որ որևէ ձևով այս ընթացքում վարչապետի թեկնածու առաջադրելն այս իրադրության պայմաններում կարող է լինել արհեստածին և խոչընդոտել, որովհետև եթե չկա հանրային կոնսոլիդացիա, դա մեխանիկորեն կհանգեցնի արհեստականության, իսկ արհեստականության որևէ բանի ես երբեք կողմնակից չեմ», –նշել է Կոստանյանը։–0–