ՌԴ–ն ցանկանում է Ղարաբաղի շուրջ լիարժեք աշխատել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը շահագրգռված է ղարաբաղյան խնդրի լուծմամբ, քանի որ ցանկանում է լիարժեք աշխատել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ` Հայաստանի հետ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մեզ մոտ Ռուսաստանում բնակվում են մեծ թվով հայեր և ադրբեջանցիներ: Միլիոնավոր: Փառք Աստծուն, Ռուսատանի տարածքում խնդիրներ չունենք», - ասել է նա քաղաքացիների հետ ուղիղ կապի ընթացքում:
Ռուս առաջնորդը նշել է, որ ճանաչում է և´ հայերի, և´ ադրբեջանցիների, ովքեր, չնայած բոլոր ողբերգական իրադարձություններին, շարունակում են պահպանել շատ բարեդրացիական միջանձնային հարաբերություններ: «Եվ ես կարծում եմ, որ դա շատ ճիշտ է: Ռուսաստանը շարունակելու է իր ներդրումը, բայց, բնականաբար, վերջնական որոշումը պետք է կայացնեն Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները», - ավելացրել է նա:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։ -0-