Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+19

Ռուս դիվանագետներին մտահոգել է Հայաստանում ռուսական բիզնեսը բարդացնելու ամերիկյան ջանքերը

31.07.2014, 19:17
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության կոչին՝ պատժամիջոցների ցանկում ընդգրկված ռուսական ընկերությունների հետ փոխգործակցությունը դադարեցնելու վերաբերյալ: Ռուսական դեսպանությունը մտահոգություն է հայտնել ՀՀ-ում ռուսական բիզնեսի աշխատանքը բարդացնելու ջանքերի կապակցությամբ:
Ռուս դիվանագետներին մտահոգել է Հայաստանում ռուսական բիզնեսը բարդացնելու ամերիկյան ջանքերը
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության կոչին՝ պատժամիջոցների ցանկում ընդգրկված ռուսական ընկերությունների հետ փոխգործակցությունը դադարեցնելու վերաբերյալ: Ռուսական դեսպանությունը մտահոգություն է հայտնել ՀՀ-ում ռուսական բիզնեսի աշխատանքը բարդացնելու ջանքերի կապակցությամբ:

«Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հայտարարության կապակցությամբ ստիպված ենք ուշադրություն հրավիրել հետևյալին: Դիվանագիտական ներկայացուցչությանը հարիր չէ երկրի իշխանություններին մատնանշել, թե որ երկրի հետ և ինչպես է պետք հարաբերություններ պահպանել՝ հատկապես ինքնավար պետության հանդեպ սեփական բառապաշարում թաքուն սպառնալիք կիրառելու միջոցով: Կարծում ենք, որ Հայաստանի գործարար շրջանակները նույնպես կարող են ինքնուրույն կողմնորոշվել իրենց բիզնեսի վարման հարցում և ուրիշների հուշումների կարիքը չունեն»,- ասված է հայտարարության մեջ:

«Մտահոգություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետությունում ռուսական բիզնեսի աշխատանքը բարդացնելու ամերիկյան ջանքերի կապակցությամբ: Հայաստանի տարածքում ներկայացված բոլոր ռուսական ընկերությունները, ներառյալ՝ ՎՏԲ-Հայաստան բանկն ու Առէկսիմբանկը, գտնվում են ՀՀ իրավասության ներքո, աշխատում են այդ երկրի օրենսդրությամբ, եկամուտ են ստանում և հարկեր վճարում Հայաստանին և բնակչության զգալի հատվածի զբաղվածություն ապահովում:  Ռուսական ընկերությունների հետ շփումը դադարեցնելու կոչերը արտահայտում են ամերիկյան ներկայացուցիչների՝ Հայաստանի տնտեսության զարգացմանն աջակցելու պատրաստակամության կեղծ հայտարարությունը: ԱՄՆ գործողություններում միաժամանակ որոշակիորեն երևում են առևտրատնտեսական անազնիվ մրցակցության ակնհայտ տարրեր»,- ընդգծել են ռուսական դեսպանությունում:

Ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունում ևս մեկ անգամ ընդգծել են ԱՄՆ-ում կիրառվող հակառուսական պատժամիջոցների հորինված  ու ոչ լեգիտիմ չլինելը: «Դրանք, բացի  ռուս-ամերիկյան հարաբերությունների հետագա բարդացումից և միջազգային հարաբերություններում չափազանց ոչ բարենպաստ երանգ հաղորդելուց, ուրիշ ոչինչ չեն տա»:

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը նախօրեին տեղեկություն է տարածել, որ տեղեկացրել է տեղական կառավարությանն ու երկրում գործող ընկերություններին Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցների մասին։

Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել ռազմարդյունաբերական համակարգի ութ ռուսական ընկերությունների, երկու ֆինանսական կառույցների, էներգետիկ երկու ընկերությունների և մի շարք ռուս և ուկրաինացի պաշտոնատար անձանց նկատմամբ։  -0-