Ռուսաստանը կշարունակի կոնսենսուսի որոնումը ղարաբաղյան կարգավորման հարցում. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը կշարունակի ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության հարցում կոնսենսուսի հասնելու համար, երկուշաբթի Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք կողմ ենք Երևանի` հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հավատարմությանը և վստահ ենք, որ անհրաժեշտ է հետագայում էլ շարունակել ջանքեր գործադրել երկկողմ փոխընդունելի կարգավորման հիմք մշակելու համար»,– ասաց Լավրովը։
Նա նշեց նաև, որ ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերակայություններից մեկն է, որ գտնվում է ՌԴ նախագահի վերահսկողության ներքո։
Նախարարն ընդգծեց, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ համանախագահ երկիր, կշարունակի ակտիվ դեր խաղալ դրական արդյունքի հասնելու համար։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում այն ջանքերը, որ գործադրում է Ռուսաստանը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ։
«Մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված այդ ջանքերը և կարծում եմ, որ կշարունակենք նույն կերպ»,– ասաց Նալբանդյանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը: Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է:
1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-