Рейтинг@Mail.ru
USD
399.59
EUR
420.17
RUB
3.75
GEL
139.96

Շերը Հայոց ցեղասպանությունը համեմատել է Ամերիկայի բնիկների սպանությունների հետ

24.04.2014, 13:58
Աշխարհահռչակ ամերիկահայ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) Twitter–ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությունը համեմատել է Ամերիկայի բնիկների սպանությունների հետ։
Շերը Հայոց ցեղասպանությունը համեմատել է Ամերիկայի բնիկների սպանությունների հետ
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Աշխարհահռչակ ամերիկահայ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) Twitter–ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությունը համեմատել է Ամերիկայի բնիկների սպանությունների հետ։

«Ցեղասպանությունն իրականություն է, չնայած թուրքերը ժխտում են այն։ Սակայն դա տեղի է ունեցել։ Ինչպես մենք սպանել ենք Ամերիկայի բնիկներին, այդպես էլ թուրքերը սպանել են հայերին», – գրում է նա։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն ապրիլի 10–ին Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձև է ընդունել։ Ցեղասպանությունը դատապարտելու կոչ պարունակող փաստաթղթին «կողմ» է քվեարկել 20 սենատոր, «դեմ»` հինգ սենատոր։ Բանաձևը հորդորում է ԱՄՆ նախագահին ապահովել արտաքին քաղաքականության իրականացում, որը կարտացոլեր փաստաթղթերով հիմնավորված փաստերը, որոնք վերաբերում են անպատիժ ցեղասպանությանը։

Ինչպես նախօրեին հայտարարել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, 2015 թ.–ին նշվող Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցը ապաշխարելու և պատմության խարանը մի կողմ դնելու հնարավորություն կարող է լինել Թուրքիայի համար, եթե, իհարկե, հարևան երկրում կարողանան ուժ գտնել և ազատել իրենց պետության ապագան այս ծանր բեռից։ Ըստ նախագահի` Հայաստանի հանդեպ վերաբերմունքը չի կարող այլևս բառերով չափվել. այն հստակ քայլեր է ենթադրում՝ փակ սահմանի բացում և բնականոն հարաբերությունների հաստատում: Ինչ վերաբերում է հայ–թուրքական արձանագրություններին, ապա Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է, իսկ «ողջամիտ ժամկետներ» հասկացությունը առավել քան արդիական է դառնում:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2010 թ.–ի ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը: Արձանագրությունների վավերացման հարցը սառեցված վիճակում է։–0–