Սյունիքի մարզը եղել է և կշարունակի մնալ Հայաստանի Հանրապետության մաս. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Սյունիքը «վարձով տալու» մասին խոսք լինել չի կարող։
«Սյունիքի մարզը եղել է և կշարունակի մնալ Հայաստանի Հանրապետության մաս, և ստորագրված հռչակագրով այդ հարցը փակվեց ընդհանրապես այնքանով, որ մենք երկկողմանի ստորագրեցինք, որ մենք միմյանցից տարածքային նկրտումներ չենք ունենալու»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ իմաստ չունի ստեղծել գոյություն չունեցող թեզեր։
«Մենք պետք է հենվենք գրվածի, ստորագրվածի և արդեն հրապարակվածի վրա։ Նման հարց կամ մտահոգություն ընդհանրապես չի կարող առաջանալ», - ասել է Փաշինյանը։
Վաշինգտոնում օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։
Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։