Թուրքիայի ԱԳՆ–ն՝ Հայոց ցեղասպանության մասին. «Կտրականապես մերժում ենք 1915 թ․–ի իրադարձությունների վերաբերյալ հայտարարությունները»

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Թուրքիայի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցի կապակցությամբ։
«Մենք կտրականապես մերժում ենք 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ հայտարարությունները, որոնք արվում են պատմական փաստերի և միջազգային իրավունքի խախտմամբ։ Նման փորձերը, որոնք ակնհայտորեն ուղղված են անցյալի ցավը քաղաքական նպատակներով օգտագործելուն, ամբողջովին անվավեր են», - ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Նախարարությունը նշել է, որ Թուրքիան միշտ էլ հանդես է եկել խաղաղության, երկխոսության, փոխըմբռնման և ընդհանուր բարգավաճման խթանման օգտին՝ ինչպես համաշխարհային մակարդակով, այնպես էլ տարածաշրջանում։
«Այս գիտակցումով Թուրքիան բացեց իր արխիվները և առաջարկեց ստեղծել Համատեղ պատմական հանձնաժողով՝ 1915 թվականի իրադարձությունների արդար և գիտական ուսումնասիրության համար։ Մենք ընդգծում ենք, որ արմատական շրջանակների կողմից պատմությունից թշնամանք առաջացնելու փորձերը չպետք է խրախուսվեն և վերահաստատում ենք մեր կոչը՝ աջակցելու Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացիկ գործընթացին», - ասվում է հայտարարության մեջ։
Ապրիլի 24-ին բազմաթիվ քաղաքական գործիչներ, տարբեր երկրների ղեկավարներ և փորձագետներ հանդես եկան Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններով։