Рейтинг@Mail.ru
USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

Վարչապետ Կարեն Կարապետյանը համապատասխան նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել չորս նոր նախարարներին

22.09.2016, 17:10
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր համապատասխան նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել չորս նոր նախարարներին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Վարչապետ Կարեն Կարապետյանը համապատասխան նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել չորս նոր նախարարներին

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր համապատասխան նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել չորս նոր նախարարներին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, ներկայացվել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ ֆինանսների, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարները։

Ներկայացնելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանին՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ նա հմուտ կառավարիչ է և լավատեղյակ է ոլորտին: Վարչապետը միաժամանակ նշել է, որ ակնկալում է նոր հայեցակարգ, որը տարածաշրջանային ակտիվ համագործակցություն կապահովի էներգետիկ շուկայում:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Լևոն Յոլյանին կատարած աշխատանքի համար և նշել, որ նա իր մասնագիտական կարողություններով ու փորձով կշարունակի օգտակար լինել:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանին, նշելով, որ նա աշխատանքային հարուստ փորձ է կուտակել գյուղատնտեսության բնագավառում կառավարման մշակույթ ունեցող ձեռնարկությունում և լավ պատկերացնում է ոլորտը:

Կառավարության ղեկավարը կարևորել է գյուղատնտեսության զարգացման համալիր ծրագրի մշակումը, որը կներառի զարգացման հեռանկարներ ունեցող բոլոր ուղղությունները: «Պետք է ուսումնասիրել, թե որոնք են մեր թիրախային կետերը, որ ոլորտները մենք կարող ենք զարգացնել, որոնք են մեր նեղ տեղերը, որ խանգարում են, որպեսզի բիզնեսն այդտեղ զարգանա: Պետք է լինել մաքսիմալ բաց և հասանելի թե՛ գյուղացու, թե՛ ոլորտի գործարարի համար», - ասել է վարչապետը՝ միաժամանակ ընդգծելով, որ ի դեմս գյուղատնտեսության նախարարության՝ գյուղացին և գործարարը պետք է տեսնեն իրենց օգնականին, իրենց շահերի պաշտպանին, գյուղատնտեսության ոլորտի օմբուդսմենին:

Կարապետյանը միաժամանակ շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Սերգո Կարապետյանի գյուղատնտեսության ոլորտում ունեցած ներդրման համար` համոզմունք հայտնելով, որ նա իր փորձով և մասնագիտական կարողություններով կշարունակի նպաստ բերել ոլորտի զարգացմանը:

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացվել նաև նորանշանակ նախարար Վարդան Արամյանը: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գագիկ Խաչատրյանին կատարած աշխատանքի համար և նշել, որ նա իր փորձով այսուհետ ևս օգտակար կլինի համակարգին:
Վարչապետը շնորհավորել է Վարդան Արամյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ կարևոր համարելով նոր մոտեցումների որդեգրումը մակրոտնտեսական ցուցանիշների ապահովման գործում: Նա նաև ակնկալել է ֆինանսների նախարարությունից առաջարկություններ։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ նա աշխատանքային մեծ փորձ ունի և կարող է այն հաջողությամբ կիրառել ոլորտում:

«Անդրադառնալով գերատեսչության հիմնական գործառույթներին՝ վարչապետն ասել է, որ նախարարության առջև նոր ծրագրեր և խնդիրներ են դրվելու, և հույս է հայտնել, որ դրանք արդյունավետ կիրականացվեն: Կառավարության ղեկավարը կարևորել է նաև վերահսկողությունն իրականացվող ծրագրերի նկատմամբ և նշել, որ ակնկալում է առավելագույնս թափանցիկ աշխատանք»,– նշվում է հաղորդագրությունում։ -0-