Հայաստանի նոր վարչապետը չպետք է լինի իշխանական շրջանակների ներկայացուցիչ
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետը պետք է նոր վարչապետ նշանակի մի մարդու, ով այսօրվա իշխանական շրջանակում չէ կամ երկրում իրական փոփոխություններ կատարելու ցանկություն ունի, կարծում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
Ապրիլի 3–ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նույն օրը կառավարության հրաժարականն ընդունել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և նախարարներին հանձնարարել է շարունակել կատարել իրենց պարտավորությունները մինչ նոր կաբինետի ձևավորումը։
«Նախագահը պետք է ներկայիս իշխանական շրջանակներից հեռու կանգնած, քաղաքական կամքով մի մարդու գտնի, հնարավոր է, Հայաստանից դուրս»,– երկուշաբթի լրագրողներին ասաց Սարգսյանը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նա նկատի ունի Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին, ՀԴԿ ղեկավարը հայտնեց, որ «Աբրահամյանն ունի վարչապետ դառնալու հնարավորություններ, բայց չունի ցանկություն»։
«Ես պարզապես ուզում եմ ասել, որ կան արժանի մարդիկ։ Դուք ինքներդ կարող եք մի քանի անուններ մտաբերել»,– ասաց Սարգսյանը։
Խոսելով Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին` նա ընդգծեց, որ այդ որոշումը թելադրել էր նախագահը հենց Սահմանադրական դատարանի` «Կենսաթոշակների մասին» օրենքի որոշման կապակցությամբ։
«Հնարավոր է, որ Սարգսյանը հրաժարականի դիմում ներկայացներ ավելի վաղ, բայց ամեն ինչ որոշվել է հենց ՍԴ որոշման համատեքստում։ Ուշադրություն դարձրեք, որ ապրիլի 3–ի ցերեկը նա նույնիսկ չէր էլ մտածում, որ երեկոյան հրաժարական կտա։ Դրա վկայությունն են նույն օրը կառավարության նիստում արած նրա հայտարարությունները»,– ավելացրեց նա։
2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։Աշխատողներն ամսական իրենց կուտակային հաշվին կներդնեն իրենց աշխատավարձի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (61 դոլար ընթացիկ փոխարժեքով), ձեռնարկատերերի համար` 300 հազար դրամ (740 դոլար) կներդնի պետությունը։
Հայաստանի Սահմանադրական դատարանը ապրիլի 2–ին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական և անվավեր ճանաչեց։ ՍԴ–ի որոշման համաձայն` 2014 թ.–ի սեպտեմբերի 30–ը հաստատվել է որպես վերջնաժամկետ այդ դրույթները, ինչպես նաև մոտ 50 օրենքներով և ավելի քան 80 այլ նորմատիվ ակտերով նախատեսված կետեր անվավեր ճանաչելու համար։ ՍԴ–ի սույն որոշման ընդունումից առաջ իրականացրած բոլոր կուտակային վճարները ենթակա են վերահաշվարկման։
ՀԴԿ ղեկավարը կարծում է, որ նոր վարչապետն առնվազն 7-8 նախարարի կփոխի։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
16:07 07.04.2014