ԵԱՀԿ ղեկավարը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում զերծ մնալ ուժի կիրառումից
12.06.2012,
15:25
ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Իմոն Գիլմորը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից:
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Իմոն Գիլմորը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից:
«Այս հակամարտությունն անհնար է լուծել ուժային ճանապրհով կամ ուժի կիրառման սպառնալիքով: Ժամանակն է վստահություն ստեղծել, և ներգրավված կողմերը պետք է կամք դրսևորեն: Երևանն ու Բաքուն պետք է հաստատեն և նոր իմաստ հաղորդեն իրենց հայտարարություններին և բանակցություններ վարեն հակամարտության լուծման հիմնական սկզբունքների շուրջ, առավել ևս, որ վերջին ժամանակներում, նկատի առնելով լուրջ էսկալացիան և բախումները, կողմերը լուրջ քայլերի իրականացման կարիք են զգում»,- ասաց Գիլմորը Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
Ըստ նրա, կողմերը պետք է հետ կանչեն դիպուկահարներին շփման գծից և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ուղղությամբ համաձայնության գան:
«Մենք կարող ենք համագործակցության հարթակ տրամադրել և սատարել կողմերին խաղաղ կարգավորման նրանց ձգտման հարցում: Բայց մենք չենք կարող նրանց վզին փաթաթել մեր որոշումը: Այս տարածքում ապրող մարդիկ արժանի են խաղաղության ու կայունության և ոչ թե ինչ-որ երերուն ստատուս-քվոյի»,- նշեց նա:
Վերջին մի քանի օրերի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղի ու Ադրբեջանի շփման գծում բախումներ են եղել, որոնց հետևանքով մարդկային զոհեր են գրանցվել: Ադրբեջանական դիվերսիոն խմբերի վնասազերծման գործողությունների արդյունքում, տարբեր տվյալներով, ոչնչացվել է շուրջ 25 ադրբեջանցի դիվերսանտ: Հայկական և ղարաբաղյան կողմից զոհվել է 4, վիրավորվել 8 մարդ:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-