Рейтинг@Mail.ru
USD
396.39
EUR
415.73
RUB
4.3378
GEL
140.6
2025 թ. փետրվարի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հաստատել են, որ վճռական են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում

28.09.2013, 12:20
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը, Ջեյմս Ուորլիկը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպումից հետո հանդես են եկել հայտարարությամբ` հաստատելով իրենց երկրների վճռականությունը` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում։
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հաստատել են, որ վճռական են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը, Ջեյմս Ուորլիկը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպումից հետո հանդես են եկել հայտարարությամբ` հաստատելով իրենց երկրների վճռականությունը` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում։

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը կայացել է նախօրեին Նյու Յորքում։

Հայտարարության մեջ  նշվում է, որ նախարարները և համանախագահները շարունակել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ քննարկումները։

Համանախագահները վկայակոչել են հունիսի 18-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների ղեկավարների ընդունված հայտարարությունը՝ հատուկ շեշտելով կողմերին ուղղված կոչը՝ զերծ մնալ այնպիսի գործողությունից և հռետորաբանությունից, որը կարող է մեծացնել տարածաշրջանի լարվածությունն ու սրել հակամարտությունը։

Ընթացիկ տարվա հունիսի 18–ին ՌԴ–ի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Բարաք Օբամայի և Ֆրանսուա Օլանդի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ «համապարփակ խաղաղ կարգավորման տանող հավասարակշռված շրջանակային համառոտ համաձայնագրի ձեռքբերման հետագա ուշացումն անընդունելի է»։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Հայաստանի և  Ադրբեջանի առաջնորդները պետք է նոր էներգիայով կենտրոնանան  այն հարցերի լուծման շուրջ, որոնք դեռ չեն լուծվել»։

Հայկական արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները վերահաստատել են հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու իրենց վճռականությունը:

Համանախագահները տեղեկացրել են, որ նախատեսում են նոյեմբերին այցելել տարածաշրջան՝ մինչև տարեվերջ ծրագրված գագաթնաժողովին առնչվող հարցերը նախագահների հետ քննարկելու համար։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
 
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչև այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-