Արծրուն Հովհաննիսյան. վթարից տուժած բոլոր զինծառայողները տեղափոխվել են Սիսիանի հոսպիտալ
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Վթարից տուժած բոլոր զինծառայողները տեղափոխվել են Սիսիանի հոսպիտալ, ոչ մի տեղափոխվածի կյանքին վտանգ չի սպառնում, Facebook-յան իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Նախօրեին N զորամասին պատկանող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան ժամը 13։00–ի սահմաններում Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը: Վթարի հետևանքով 4 զինվոր մահացել է,կան նաև վիրավոր զինվորներ։ ՀՀ ՔԿ–ի հաղորդմամբ, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
«Ցավում ենք տեղի ունեցածի կապակցությամբ, ԶՈւ-երը կրել են մեծ կորուստ, ամեն զինվորականի կյանք մեզ համար թանկ է: Հարգելիներս դեռ որևէ հիմնական պատճառ չգիտենք: Չենք կարող ասել մարդկային գործոնի հետևանք է, թե տեխնիկական: Տեղի կունենա քննություն և վստահ եղեք, որ եթե կան մեղավորներ, ապա անպայման խստորեն կպատժվեն: ՀՀ ԶՈւ-երը իրականացնում են ինտենսիվ մարտական պատրաստություն և զորվարժություններ, ինչը նշանակում է նաև մեծ տեղաշարժեր: Իսկ նման դեպքերում ցավոք երբեմն հնարավոր չի լինում խուսափել դժբախտ պատահարներից: Նորից ու նորից ցավում ենք մեր կորստի համար: ՀՀ պաշտպանության նախարարությունը իր ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին և հարազատներին», – նշել է Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում։–0–