ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է հայ փախստականների վերադարձը ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած գյուղեր (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է հայ փախստականների վերադարձը ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած գյուղեր:
Այս մասին նա հայտնել է ՏԱՍՍ-ին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նա ակնկալում է հայ փախստականների վերադարձ իրենց տներ, որոնք գտնվում են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած գյուղերում:
Ընդ որում Փաշինյանը հայտնել է, որ շատ ուրախ է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձի բավական լավ հոսք է նկատվում:
«Լեռնային Ղարաբաղի նախագահը դեռ 2 օր առաջ տեղեկացրեց, որ Լեռնային Ղարաբաղի 25000 բնակիչ արդեն վերադարձել է, և մենք վստահ ենք, որ մինչև տարեվերջ Լեռնային Ղարաբաղի բնակիչների մեծամասնությունը կվերադառնա: Մենք պատրաստվում ենք ստեղծել դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները»,- ասել է նա:
Այս կապակցությամբ Փաշինյանն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը նույնպես մտադիր է քայլեր ձեռնարկել՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձն իրենց տներ ապահովելու համար:
«Իհարկե, կան շատ տներ, որոնք ավիրվել են, և պետք է սկսել վերականգնողական աշխատանքներ: Բայց մեր նպատակը նախևառաջ ֆինանսական օպերատիվ օժանդակությամբ այդ մարդկանց ապահովելն է, ովքեր այդ միջոցների օգնությամբ կկարողանան կազմակերպել իրենց առաջնահերթ կարիքները՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու համար: Կարող եմ ասել՝ այժմ արդեն տեսանելի է, որ այդ գործընթացը ռեալ տեղի է ունենում: Եվ դա իսկապես լավ նորություն է»,- ասել է նա:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ կոնկրետ քայլեր է մտադիր ձեռնարկել կառավարությունը, որպեսզի ձմռան շրջանում ապրելու պայմաններ ապահովվեն մարդկանց համար, ովքեր առանց տուն և աշխատանք են մնացել՝ վարչապետը պատասխանել է, որ արդեն կոնկրետ որոշումներ են ընդունվել, որոնք վերաբերում են այն մարդկանց ֆինանսական օժանդակությանը, ովքեր դրա կարիքն ունեն:
«Արդեն 2 ծրագիր է ընդունվել, և մոտակա օրերին ևս 5 սոցիալական ծրագիր կընդունվի: Եվ մենք ամեն օր աշխատում ենք այդ հարցի ուղղությամբ: Ես վստահ եմ, որ մեզ կհաջողվի կայունացնել իրավիճակը»,- ասել է նա: -0-