Համայնքների խոշորացման արդյունքում բնակիչները որոկյալ ծառայություն կստանան.ՏԿԵՆ–ն մանրամասնում է գործընթացը
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արդեն իսկ նշանակվել է, որ դեկտեմբերի 5-ին միավորված համայնքների ընտրություններ կլինեն:
Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը:
Գիլոյանը ներկայացրեց համայնքների խոշորացման ծրագրերը: Նրա խոսքով՝ մինչև տարեվերջ, ըստ հաշվարկների, Հայաստանում կլինի 78 համայնք:
«Դրանցից 71-ը միավորված են, 6-ն ազգային փոքրամասնություններով ապրող համայնքներն են, որոնք չեն միավորվում և Երևան քաղաքը: Այսինքն մեր երկրում կունենանք 78 համայնք (նախկինում եղել է 503 համայնք, խմբգր.)», – ասաց Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետը:
Աշոտ Գիլոյանի խոսքով՝ համայնքների միավորման արդյունքում այն դառնում է մասնագիտացված և ռեսուրսներով հարուստ: Այսինքն համայնքները միավորվում են, որպեսզի արդյունավետ կառավարում լինի, և բնակիչներն ավելի որակյալ ծառայություն ստանան:
«Հատկապես մեր հեռավոր գյուղերում ծառայությունների մակարդակը շատ ցածր է: Հաճախ հեռավոր գյուղերի բնակիչներին ծառայություններ չեն մատուցվում, ինչի հետևանքով բնակիչների կողմից կա արդարացի բողոք։ Շատ դեպքերում գյուղերից գրանցվում է արտահոսք դեպի մարզկենտրոն կամ քաղաք», – ասաց Գիլոյանը:
Ըստ նրա՝ համայնքի խոշորացման պարագայում այդ հնարավորությունը ստեղծվում է, և համայնքներում բազմաթիվ նոր ծառայություններ են սկսում գործել:
Վարչության պետը նշեց նաև, որ առաջին համայնքը, որը խոշորացվել է, Լոռու մարզի Թումանյան համայնքն է: Թումանյան քաղաքին միավորվեցին 6 գյուղեր և քաղաքը դարձավ խոշորացված համայնք:
«Թումանյան համայնքի ամենավերջին գյուղը Աթանն էր, որտեղ ապրում էր 100 բնակիչ: Գյուղում ընդհանրապես ոչ մի ծառայություն չկար՝ ո´չ մանկապարտեզ, ո´չ աղբահանություն, ո´չ լուսավորություն: Իսկ խոշորացումից հետո հնարավորություն ստեղծվեց վերանորոգել գյուղապետարանի շենքի 2 սենյակները, որոնք դարձան մանկապարտեզ, և Աթան գյուղի 4 երեխաները գնացին մանկապարտեզ»,– ասաց Գիլոյանը:
Նա հավելեց նաև, որ խոշորացված համայնքներում կանոնավոր աղբահանություն է իրականացվում: Բոլոր միավորված համայնքներում վերջին 2-3 տարվա ընթացում, բազմաթիվ ծրագրեր են իրականացվում՝ ոռոգման ու խմելու ջրի համակարգ է կառուցվում, որն այդ փոքր բնակավայրերում անհնար էր իրականացնել նախկին բյուջեով:
Նրա խոսքով՝ մյուս համայնքը, որը միավորվել է Դիլիջան միավորված համայնքն է, որի կազմում Հաղարծին գյուղն է, որը բավական խոշոր գյուղ է:
«Երբ ասում ենք, որ խոշոր համայնքի բյուջեն գնում է փոքր համայնք, դա այդքան էլ այդպես չէ, քանի որ համայնքի վրա շարունակվում է ծախսվել նույքան գումար, որքան նախկինում էր, երբեմն էլ շատ ավելի շատ է ծախսվում, քան նախատեսված էր», – նշեց Գիլոյանն` ավելացնելով, որ չընդգրկվող համայնք չի լինելու:
«Հատկապես սահմանամերձ լինելու հանգամանքով պայմանավորված համայնքների միավորվելն առավել ձեռնտու է:Եվ առհասարակ արդյունավետության բարձրացման ու ծառայությունների մատուցման առումով ևս անհամեմատելի լավանում ու բարձրանում է համայնքի վիճակը»,-ասաց Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետը:
Նա հավելեց նաև, որ համայնքների խոշորացման ծրագիրը մինչև տարեվերջ համարելու են իրականացված: Բայց հաջորդ տարի ևս հնարավոր է, որ մի քանի համայնքներ էլ միավորվեն: -0-