Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայտնի են 2023 թվականի էքստեռն ավարտական քննությունների օրերը

08.05.2023, 13:23
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
Հայտնի են 2023 թվականի էքստեռն ավարտական քննությունների օրերը

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./ԱՌԿԱ/. ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2023 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը, հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Ըստ այդմ՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն 2023 թվականի հունիսի 5-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ, Երևանի թիվ 198 ավագ դպրոցում:

Հիմնական  կրթության  վկայական  ստանալու  համար  դրսեկները 2023 թվականի 2-րդ քննաշրջանի ընթացքում «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն»  առարկաների քննությունները կհանձնեն գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատի­կա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար), «Օտար լեզու» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Հայոց պատմություն», «Գրականություն», «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները՝ բանավոր:

Միջնակարգ  կրթության  ատեստատ ստանալու համար դրսեկները  «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբա­նու­թյուն», «Աշխարհա­գրություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկաների քննությունները  կհանձնեն գրավոր, իսկ Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Ռուսաց լեզու», «Հայոց եկեղեցու պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատի­կա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար) առարկաները՝ բանավոր:

«Ֆիզկուլտուրա» առարկայից կանցկացվի ստուգարք (նորմատիվների հանձնում):

Գրավոր քննական թեստերը կազմում է Գնահատման և թեստավորման կենտրոնը` յուրաքանչյուր առարկայից առնվազն 4 թեստ՝ գնահատման 20 բալային համակարգով: Բանավոր քննական հարցատոմսերը կազմում են էքստեռն քննություններ ընդունող դպրոցի համապատասխան մեթոդական միավորումները` առնվազն 10 հարցատոմս յուրաքանչյուր առարկայից՝ գնահատման 10 բալային համակարգով:

Հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում ավարտական և պետական ավարտական քննական առարկաները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները նշանակվում են` 20 բալային համակարգից գնահատականները վերածելով 10 բալային համակարգի: Բանավոր քննությունները գնահատվում են 10 բալային համակարգով և համարվում են տարեկան գնահատականներ:

Գնահատականները գրանցելիս գնահատման 20 բալային համակարգից 10 բալային համակարգին անցման համապատասխանությունը կատարվում է համաձայն հետևյալ սանդղակի՝

20 միավոր – 10

18-19 միավոր – 9

16-17 միավոր – 8

14-15 միավոր – 7

12-13 միավոր – 6

10-11 միավոր – 5

8-9 միավոր – 4

Դրսեկության ձևով (էքստեռն) քննությունները կանցկացվեն՝ համաձայն սահմանված ժամանակացույցի:

Դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կազմակերպելու և անցկացնելու գործընթացը համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:–0–