ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվեց, ընդլայնվեց նաև շահառուների շրջանակը

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի․/ԱՌԿԱ/․ Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ «40 հազար+10 հազար դրամի» ծրագրի հիման վրա ևս 9 ամսով շարունակել սոցիալական աջակցության միջոցառումը, այսինքն՝ կեցության և այլ ծախսերը հոգալու համար տրամադրվող աջակցությունը շարունակել 2024 թ. ապրիլից մինչև դեկտեմբեր ներառյալ:
Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, վճարումը կիրականացվի նույն տրամաբանությամբ՝ աջակցել ընտանիքի յուրաքանչյուր անդամին՝ և՛ անչափահասներին, և՛ չափահասներին. «Առաջարկվող նախագծով պահպանվում են «40 հազար +10 հազար» միջոցառման հիմնական պայմանները: Միաժամանակ մենք այս նոր նախագծով ընդլայնում ենք շահառուների շրջանակը, մասնավորապես որպես շահառու ենք դիտարկում 2020 թ.-ից հետո տեղահանված ընտանիքի անդամներին: Այսօր նախագծով շահառու կդառնան նաև բռնի տեղահանված ընտանիքներում նոր ծնված և ծնվող երեխաները կամ բոլոր այն՝ մինչև 18 տարեկան երեխաները, որոնց դրամական աջակցություն նշանակելու դիմում ներկայացրած ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն միջոցառման շահառու է»:
Ըստ նախարարի՝ որոշմամբ նախատեսված միջոցառմանը չեն կարող մասնակցել ՀՀ-ում բնակարանային ծրագրի՝ 2022 թ. 169-Լ որոշման շահառուները:
«Սրանք վերաբերում են բնակարան հավաստագրի իրավունք ունեցող՝ ԼՂ-ի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքներին: Նույն նախագծի շրջանակում նաև ժամկետների փոփոխություն ենք իրականացնում 100 հազարների և 50 հազարների միջոցառումներում՝ հնարավորություն տալով շուրջ 350 հոգու դառնալ 100 հազարների և մյուս միջոցառումների շահառու, եթե նրանց տեղահանված ճանաչելու ուղղությամբ ընթացիկ դիմումների հիման վրա մենք Միգրացիոն ծառայությունից կստանանք հաստատում տեղահանված լինելու փաստի մասով: Հստակեցվում և լավարկվում են նաև որոշ իրավակարգավորումներ: Դիմումներն ընդունվելու են ապրիլի 15-ից: «40 հազար+10 հազար» միջոցառման համակարգում դիմում ունեցող չափահասները կրկին դիմելու կարիք չեն ունենալու»,- նշել է Նարեկ Մկրտչյանը:
Նախարարը տեղեկացրել է նաև, որ ծրագիրը նախատեսվում է իրականացնել մինչև տարվա վերջ:
«Տարվա վերջին տվյալ պահի դրությունը կուսումնասիրենք և կդիտարկենք ծրագրի շարունակման նպատակահարմարությունը: Դրան զուգահեռ՝ մենք այս երկարացումը դիտարկում ենք որպես հնարավորություն, որպեսզի ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարողանան ավելի կայունանան, իրենց ծախսերը հոգալու հնարավորություն ունենան, միևնույն ժամանակ հնարավորություն ունենան ձեռք բերել աշխատանք: Մենք նաև զուգահեռ ունենք զբաղվածության ծրագիր, որն արդեն դրվել է շրջանառության, որի շրջանակում արդեն հաստատվել է ավելի քան 370 դեպք: Այն նախատեսված է 1000 հոգու համար»,- ասել է Նարեկ Մկրտչյանը:
Ի պատասխան վարչապետի հարցին՝ նախարարը տեղեկացրել է, որ որոշմամբ ընդլայնվում է աջակցության շրջանակը, որի արդյունքում 2020 թ.-ից հետո տեղահանված ընտանիքներն էլ են դառնում շահառու:-0-