Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Մեկնարկում է Սիսիան–Քաջարան ճանապարհահատվածի կառուցումը Ադրբեջանի կողմից Երևան–Մեղրի մայրուղու արգելափակման ֆոնին. ծրագրի ընդհանուր արժեքը 487 մլրդ դրամ է

24.09.2021, 22:59
Հայաստանում մեկնարկում է Սիսիան–Կապան ճանապարհի նոր հատվածի կառուցումը «Հյուսիս–Հարավ» նախագծի շրջանակում
Մեկնարկում է Սիսիան–Քաջարան ճանապարհահատվածի կառուցումը Ադրբեջանի կողմից Երևան–Մեղրի մայրուղու արգելափակման ֆոնին. ծրագրի ընդհանուր արժեքը 487 մլրդ դրամ է
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում մեկնարկում է Սիսիան–Կապան ճանապարհի նոր հատվածի կառուցումը «Հյուսիս–Հարավ» նախագծի շրջանակում։

Համապատասխան որոշում է ընդունվել այսօր կառավարության նիստի ընթացքում։

Ինչպես նշեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, նախագծով հաստատված է Սիսիան–Քաջարան նոր հատվածի ներդրումային ծրագիրը «Հյուսիս–Հարավ» ճանապարհային միջանցքի նախագծի չորրորդ ծրագրի շրջանակում։
«Այս որոշմամբ մենք ֆիքսում ենք այս խոշոր ծրագրի մեկնարկը և արդեն կկարողանանք կատարել որոշ գործողություններ` այն հաշվարկով, որ մինչև 2022թ.–նն ավարտենք գնումների և մրցույթների գործընթացներն ու պատրաստ լինենք ծրագրի մեկնարկին», – ասաց նա։

Փոխնախարարը նշեց, որ Հայաստանի համար առաջնահերթությունը պայմանավորված է Իրանի հետ Հայաստանն ու երկրի հարավային մարզերը կենտրոնի հետ կապող նոր որակի ճանապարհի շինարարության ռազմավարական նշանակությամբ։

«Նախատեսվում է իրականացնել 100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ, շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհահատված: Կլինեն 4.7 կմ ընդհանուր երկարությամբ մի քանի կամուրջներ ու 12.5 կմ ընդհանուր երկարությամբ թունելներ` ելնելով մեր երկրի լանդշաֆտի առանձնահատկություններից։ Նշեմ, որ ամենաերկարը Բարգուշատի թունելն է, որի երկարությունը կկազմի շուրջ 8.6 կմ», – ասաց նա։

Տերտերյանը տեղեկացրեց, որ շինարարության մասով ծրագրի արժեքը կազմում է 474,3մլրդ դրամ, ծրագրի ընդհանուր արժեքը 487 մլրդ դրամ է։

Փոխնախարարը նշեց, որ ծրագիրն իրականացվելու է միջազգային կառույցների հետ համագործակցությամբ, նախատեսվում է, որ մրցույթների անցկացման, ֆինանսական ռեսուրսների ներգրավման համար անհրաժեշտություն կառաջանա սինքրոնացնել ազգային օրենսդրությունն ու իրավական կարգավորումները գործընկերների պահանջների հետ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարեց, որ այս շինարարությունը կարելի է համարել ամենամասշտաբային շինարարական նախագիծը երրորդ հանրապետության պատմության մեջ։

«Դա շատ լուրջ մարտահրավեր է, որը պետք է կատարել պատվով։ Դա նոր որակ կհաղորդի մեր տնտեսությանը, հաղորդակցություններին, Իրանի հետ մեր տնտեսական կապերի ամրապնդմանը։ Դա որոշակի հետաքրքրություն կառաջացնի Պարսից ծոցը Սև ծովին կապելու նախագծերի շրջանակում», – ասաց նա։–0–