Պետք է վերադառնալ դիմակների պարտադիր կրմանը, կորոնավիրուսի թվերը կրկին աճում են. նախարարն ահազանգում է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ վերջին շրջանում հանրապետության տարածքում գրանցվում է կորոնավիրուսային հիվանդացության աճ։
Նրա տեղեկացմամբ՝ եթե հունվարին, փետրվարի սկզբին թեստավորումների 5-6 տոկոսի դեպքում էր հաստավում կորոնավիրուսը, այժմ հաստատվում է 16 տոկոսի դեպքում, հաջորդ շաբաթ էլ, ըստ ԱՆ կանխատեսումների, այդ թիվը կավելանա:
«Պիտի վերադառնանք դիմակների և այլ կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը: Եթե ուզում ենք պաշտպանել մեզ նոր սահմանափակումներից, պետք է ամեն բան անենք, որ կանխենք հիվանդության տարածումը»,- ընդգծեց նախարարը:
Նա հատուկ ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ մարտի 8–ի կապակացությամբ կլինի մարդկանց տեղաշարժի ակտիվացում ինչպես առևտրային կետերում, այնպես էլ հյուրատներում։ Այդ հարցում նա կոչ արեց պատասխանատու կառույցներին խիստ վերահսկողություն իրականացնել տրանսպորտում, առևտրային կետերում և հյուրատներում։
«Այսօր արդեն իսկ սկսում ենք երկու հիվանդանոցների ծավալման աշխատանքները: Ներկայումս մենք ունենք 865 ծավալված մահճակալ, որոնցից զբաղված են 808-ը, հընթացս կավելացնենք մահճակալների թիվը», – նշեց Ավանեսյանը:
Մարտի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 173307 դեպք, որոնցից 164085-ն` առողջացած, 3208-ը` մահվան ելքով։–0–