Վարչապետ.նպատակադրվել ենք էական փոխել ժամկետային ծառայության ժամկետները
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը աստիճանաբար անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի:
Այս մասին խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության ծրագիրը ներկայացնելիս:
«Պրոֆեսիոնալ բանակ ասելով՝ նկատի ունենք, որ զինվորը զինվոր է շաբաթը 7 օր, 24 ժամ, տարին 12 ամիս», ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով ՝ զինվորի գործը չեն տեսնում միայն սահմանի պահպանության մեջ, սահմանի պահպանության առաքելությունը սահմանապահ զորքերին պիտի վերապահվի։
«Իսկ զինվորը պետք է զբաղվի մարտական պատրաստականության զարգացմամբ։ Մենք նպատակադրվել ենք էական փոխել ժամկետային ծառայության ժամկետները, պահեստազորի վրա մեծ ուշադրություն պիտի դարձնենք», - ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ նպատադրվել են նաև բարձրացնել ոչ միայն զինծառայողների աշխատավարձերը, այլև ապահովել սոցիալական բոլոր կարգավորումները։
Նա հավելեց նաև, որ պրոֆեսիոնալ բանակը կիրառվում է, երբ տեղի է ունենում հարձակում Հայաստանի Հանրապետության վրա:
«Չկա հարձակում, բանակը շարունակում է մնալ մշտական տեղակայման վայրերում, զորավարժարանններում», - ասաց Փաշինյանը։-0-