Երևանի վարչական շրջաններից մեկում բնակելի միկրոշրջան կկառուցվի, նախատեսվում է մոտ 2մլրդ դոլարի ներդրում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Տիչինայի հ. 320 և 322 հասցեներում 128 հա տարածքի վրա նախատեսվում է կառուցել բնակելի միկրոշրջան։
Կառուցման ծրագրի ընթացքը ներկայացվել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին «ԴԵՖԱՆՍ ՀԱՈՒԶԻՆԳ ԻՆՎԵՍՏ» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, մշակվել է միջազգային կարգի բիզնես ծրագիր, որը ենթադրում է շուրջ 2 մլրդ դոլարի ներդրում: Նախագիծն ամբողջությամբ կիրականացվի մի քանի փուլով:
Բնակելի համալիրներից բացի, տարածքում նախատեսված է դպրոցների, մանկապարտեզների կառուցում, ջրային մակերեսի ստեղծում, 11 հա կանաչ գոտու վրա անտառպուրակի հիմնում, որի աշխատանքներն, ի դեպ, արդեն մեկնարկել են:
«Ընդգծելով քաղաքի համաչափ զարգացման անհրաժեշտությունը՝ Երևանի քաղաքապետը նշել է, որ համայնքը կարևորում է կառուցապատման նմանատիպ խոշոր ծրագրերի իրականացումը քաղաքի տարբեր վարչական շրջաններում: Միևնույն ժամանակ քաղաքապետ Մարությանը շեշտել է, որ համայնքը կանգնած է բոլոր այն ներդրողների ու կառուցապատողների կողքին, ովքեր քաղաքի բարեկարգմանը զուգահեռ լուծում են նաև ենթակառուցվածքային կարևոր խնդիրներ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–