Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Պաշտպանության նախարարը մեկնաբանել է ռուսական 102–րդ ռազմաբազայի վերատեղակայման պլանները

22.02.2021, 17:54
Վաղարշակ Հարությունյանը մեկնաբանել է ռուսական 102–րդ ռազմաբազայի վերատեղակայման պլանները
Պաշտպանության նախարարը մեկնաբանել է ռուսական 102–րդ ռազմաբազայի վերատեղակայման պլանները

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./ԱՌԿԱ/. Երևանն ու Մոսկվան մշակում են դեպի Հայաստանի արևելք ռուսական 102–րդ ռազմաբազայի զինվորական ստորաբաժանման մի մասի վերատեղակայման հնարավորության հարցը, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

«Միգուցե ավելի ճիշտ է խոսել դեպի Հայաստանի արևելյան ուղղություն ռուսական ռազմաբազայի կառուցվածքի որևէ զինվորական ստորաբաժանման վերատեղակայման հնարավորության մասին, և այս համատեքստում մշակվում են համապատասխան, համատեղ հարցեր»,– ասել է նախարարը։

Նրա խոսքով, Հայաստանում գտնվող ռուս սահմանապահների վրա դրված են լրացուցիչ գործառույթներ, որոնք ուղղված են Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի անվտանգության ապահովմանը։ 

«Չեմ կասկածում, որ մեր պետությունների սահմանապահ ծառայությունների մասով հաստատվել է սերտ և արդյունավետ փոխգործակցություն։ Կասկած չի հարուցում նաև այն, որ Հայաստանում ռուս սահմանապահների վրա դրված բոլոր խնդիրները կկատարվեն ամենաբարձր մակարդակով», – ասել է Հարությունյանը։

ՀՀ պաշտպանության նախարարը նաև նշել է, որ մինչև Արցախում աշնանային սրացում ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության անձնակազմը պատասխանատու էր Հայաստանի տարածքով անցնող ԱՊՀ սահմանների անվտանգության ապահովման խնդիրների կատարման համար։

«Հիմա իրավիճակը զգալիորեն փոխվել է», – նշել է Հարությունյանը։

Բազայի ընդլայնում

Նախարարի խոսքով, Հայաստանի տարածքում ռուսական 102–րդ ռազմաբազայի ընդլայնման և ուժեղացման հարցը միշտ եղել է օրակարգում։

«Հայկական կողմը միշտ շահագրգռված է եղել այն պարզ պատճառով, որ բազան ամբողջական կազմով ներառված է Հայաստանի և Ռուսաստանի ԶՈւ Զորքերի միացյալ խմբավորման կազմում, և բազայի հնարավորությունների ընդլայնումն ավտոմատ կերպով հանգեցնում է Կովկասյան տարածաշրջանում երկկողմ հիմունքներով գործող Հավաքական անվտանգության համատեղ զորամիավորման ներուժի մեծացմանը», –ասել է նա։

Նախարարը նշել է, որ «ՌԴ ՊՆ–ն, իհարկե, հաշվի է առել տարածաշրջանում գոյություն ունեցող ռազմաքաղաքական իրողությունները և արվել են ճիշտ քայլեր բազայի ուժեղացման և վերազինման ճանապարհին»։

Միաժամանակ Հարությունյանը վստահություն է հայտնել, որ այս գործընթացը կկրի երկարաժամկետ բնույթ։

Հարկավո՞ր է երկրորդ բազա

Հարությունյանը նաև հայտարարել է, որ Հայաստանում երկրորդ ռուսական ռազմաբազայի տեղակայման անհրաժեշտություն չի տեսնում։

«Ինչ վերաբերում է հանրապետության տարածքում Ռուսաստանի ԶՈՒ լրացուցիչ ռազմական զորամիավորման տեղակայմանը, ապա կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա։ Այո, այս պահին մեր պետությունների միջև գոյություն ունեցող նորմատիվային, իրավական հիմքը սահմանում է միայն մեկ ռուսական ռազմաբազայի կարգավիճակն ու կանոնակարգում է դրա գործունեությունը», – ասել է ՀՀ պաշտպանության նախարարը։–0–