Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Արցախի ՄԻՊ. նախնական տվյալներով՝ Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է մոտ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում

16.12.2020, 14:25
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայ նոր ռազմագերիների վերաբերյալ տեղեկության շուրջ կապ է հաստատել մի շարք մարմինների ու տեղում գտնվող որոշ զինծառայողների հետ
Արցախի ՄԻՊ. նախնական տվյալներով՝ Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է մոտ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայ նոր ռազմագերիների վերաբերյալ տեղեկության շուրջ կապ է հաստատել մի շարք մարմինների ու տեղում գտնվող որոշ զինծառայողների հետ:

Այս մասին Բեգլարյանը հայտնում է Facebook–յան իր էջում։

«Ըստ իմ հավաքագրած նախնական տվյալների՝ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում, բարձր հավանականությամբ որն էլ երևում է ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութում», – նշում է Բեգլարյանը:

Նա բացարձակ անընդունելի է համարում այս միջադեպը, որը պետք է արագորեն ու խստորեն քննվի իրավապահ մարմինների կողմից՝ պարզելու համար բոլոր հանգամանքներն ու մեղավորների շրջանակը:

«ԱՀ և ՀՀ բոլոր լիազոր մարմինները պարտավոր են անհապաղ քայլեր ձեռնարկել մեր բոլոր ռազմագերիներին րոպե առաջ տուն վերադարձնելու ուղղությամբ: Դրանից բացի, անհրաժեշտ է հստակ տեղեկություններ տրամադրել ռազմագերիների հարազատներին և վարել հնարավորինս թափանցիկ հանրային հաղորդակցություն՝ խուսափելու համար ապատեղեկատվություններից ու ավելորդ լարվածություններից», – նշել է Բեգլարյանը:

Նշենք, որ նախօրեին սկսեցին տեղեկություններ շրջանառվել այն մասին, որ Արցախում 100–ից ավելի հայ զինվորականներ են գերեվարվել։
Այս կապակցությամբ Արցախի ՊԲ-ն այսօր հաղորդագրություն էր տարածել՝ նշելով. «Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար»:–0–