Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

ԱՆ. Հայաստանում ավելի քան 600 մարդ հոսպիտալացվել է գրիպով և ՍՇՎ–ով

21.03.2017, 14:58
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
ԱՆ. Հայաստանում ավելի քան 600 մարդ հոսպիտալացվել է գրիպով և ՍՇՎ–ով

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով, երեքշաբթի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի օդակաթիլային վարակների և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

«Հիվանդների ակտիվ հոսպիտալացումն այս տարի սկսվել է փետրվարի վերջին և մինչ օրս շարունակվում է։ Հիվանդացության ցուցանիշն այս տարի կրկնակի պակաս է` նախորդ տարվա համեմատ։ Հիվանդների 97 տոկոսը երեխաներ են, որոնց մեծամասնությունը մինչև 5 տարեկան են», – ասաց Թորոսյանը։

Նրա խոսքով, նախորդ սեզոնի համեմատ` 2016–2017 թթ–ի սեզոնը բավականին թեթև էր ինչպես հիվանդացության և հիվանդների քանակի, այնպես էլ կլինիկական բարդությունների և հոսպիտալացման տեսակետից։

Սակայն, Թորոսյանի խոսքով, սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաների տարածման գագաթնակետը դեռ չի ավարտվել, ինչի կապակցությամբ հանրապետության ստացիոնարներում մինչև հիմա շարունակվում է երեխաների հոսպիտալացումը, ամբուլատոր պոլիկլինիկական այցերի ու շտապօգնության կանչերի թիվը ևս բարձր է։

«Գրիպից և ՍՇՎ–ից մահվան դեպքեր հաշվետու ժամանակաշրջանում չեն գրանցվել, նախոդ տարի H1N1 գրիպի բարդություններից գրանցվել էր մահվան 19 դեպք», – նշեց Թորոսյանը։–0–