Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

ԱՆ. ՍՇՎ–ի ակտիվացում է դիտվում մանկահասակ երեխաների շրջանում

22.11.2016, 17:17
ՀՀ ԱՆ–ի կողմից իրականացվող օրական մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ այս օրերին սուր շնչառական վարակների ակտիվացում դիտվում է հատկապես մանկահասակ երեխաների շրջանում, ինչն էլ պատճառ է մանկական հիվանդանոցների ծանրաբեռնված աշխատանքի:  
ԱՆ. ՍՇՎ–ի ակտիվացում է դիտվում մանկահասակ երեխաների շրջանում

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող օրական մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ այս օրերին սուր շնչառական վարակների ակտիվացում դիտվում է հատկապես մանկահասակ երեխաների շրջանում, ինչն էլ պատճառ է մանկական հիվանդանոցների ծանրաբեռնված աշխատանքի:  

Գերատեսչությունից նշում են, որ հիվանդանոցներում հետգրիպային բարդություններով պայմանավորված ծանր թոքաբորբերով՝ թոքերի արհեստական սարքավորումների ներքո հիվանդներ չկան: Աշխատանքներ են իրականացվում առանձին հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով հիվանդների հոսքն ուղղորդելու ուղղությամբ:

«Սուր շնչառական վարակների և գրիպի հետագա տարածումից խուսափելու համար, որպես կանխարգելիչ միջոցառում, մանկական նախադպրոցական կազմակերպություններում և դպրոցներում իրականացվում է «կանխարգելիչ ֆիլտր»: Վերջինիս նպատակն է գրիպանման երևույթներով երեխաներին չթույլատրել հաճախելու դպրոց կամ մանկապարտեզ, որպեսզի խուսափենք նրանց առողջական վիճակի բարդացումից, և վարակի աղբյուր չհանդիսանան այլ երեխաների համար», - նշվում է հաղորդագրության մեջ:

Միայն նոյեմբերի 21-ին հանրապետությունում իրականացված «կանխարգելիչ ֆիլտրի» արդյունքում հայտնաբերված հիվանդ վիճակում հաճախած մոտ 1800 երեխա տուն է ուղարկվել, նրանց տվյալները փոխանցվել է պոլիկլինիկական կազմակերպություններին՝ բժշկական հսկողություն սահմանելու համար:

ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է մանկական հաստատությունների կազմակերպությունների ղեկավարներին՝ հնարավորինս բացառել հիվանդ երեխաների մուտքը դպրոց և մանկապարտեզ՝ սուր շնչառական վարակների հետագա տարածումը կանխելու և բարդություններից խուսափելու համար:

Գերատեսչությունից հիշեցնում են նաև, որ հանրապետությունում, ինչպես նաև եվրոպական տարածաշրջանի երկրներում, այդ թվում՝ Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում վերջին մեկ ամսվա ընթացքում շրջանառվում են գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակը և այլ շնչառական վարակների հարուցիչներ: 

«Միաժամանակ հորդորում ենք հանրությանը և զանգվածային լրատվամիջոցներին զերծ մնալ մասնագիտական վերլուծություններից ու եզրահանգումներից և հետևել պաշտոնական տեղեկատվությանը», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-