Աֆղանստանի երկու քաղաքացիներ փորձել են հասնել Եվրոպա հայ–թուրքական սահմանով
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության աշխատակիցները ձերբակալել են Աֆղանստանի երկու քաղաքացու, ովքեր ապօրինի կերպով հատել են հայ–թուրքական սահմանը։
ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` հուլիսի 6–ին սահմանի մոտակայքում աշխատող տեղացիներից տեղեկատվություն է ստացվել, որ Թուրքիայի կողմից անհայտ անձը դուրս է եկել Արաքս գետի ափի մոտ։
Մի քանի րոպե անց Արտաշատի սահմանային ջոկատի սահմանապահները կազմակերպել են Հայաստանի պետական սահմանի գաղտնի հսկողություն։
Օգտվելով այն հանգամանքից, որ այս ժամանակաշրջանում Արաքսը ծանծաղահուն է` սահմանախախտը անցել են գետի միջով և փորձել թաքնվել թփերում, սակայն այդ ժամանակ սահմանապահները ձերբակալել են նրան։
Մի քանի րոպեից նկատվել է երկրորդ սահմանախախտը, ով ևս ձերբակալվել է սահմանապահների կողմից սահմանը հատելուց հետո։
Հարցաքննության ընթացքում սահմանախախտները նշել են, որ Աֆղանստանի քաղաքացիներ են և մտադիր էին Հայաստանի տարածքով հասնել ԵՄ երկրներ։
Խուզարկության ընթացքում նրանց մոտ հայտնաբերվել է ուսապարկ, որտեղ եղել են անձնական իրեր և «Nokia» ապրանքանիշի երկու բջջային հեռախոս։
Նույն օրը, հարցաքնությունից և խուզարկությունից հետո, սահմանախախտները փոխանցվել են ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ աշխատակիցներին, ովքեր կստուգեն ձերբակալված անձանց ներկայացրած վարկածը։
ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության պետ, գեներալ–մայոր Միխեևը որոշել է խրախուսական նվերներ հանձնել տեղացիներին։
«Սահմանին իրավապահ մարմնների և բնակչության համակարգված գործողությունները ՀՀ–ում սահմանային անվտանգության հիմքն են», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–