Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-8

ՀՀ կառավարությունը ժամանակավորապես կկասեցնի սոցիալական փաթեթի շրջանակում պետծառայողների հանգստի ծախսերի վճարումը

07.07.2016, 17:08
Հայաստանի կառավարությունը ժամանակավորապես կասեցնում է սոցիալական փաթեթի շրջանակում պետծառայողների հանգստի կազմակերպման ծախսերի վճարումը։
ՀՀ կառավարությունը ժամանակավորապես կկասեցնի սոցիալական փաթեթի շրջանակում պետծառայողների հանգստի ծախսերի վճարումը

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը ժամանակավորապես կասեցնում է սոցիալական փաթեթի շրջանակում պետծառայողների հանգստի կազմակերպման ծախսերի վճարումը, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Այդ որոշումը կայացվել է կառավարության կողմից հաստատված ՀՀ 2017-2019թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակում, որի հիմնական նպատակը պետական ծախսերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է:

Հովիկ Աբրահամյանը անդրադարձել է սոցիալական փաթեթների հանգստի ոլորտում չարաշահումներին և հանձնարարել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին լրամշակել սոցիալական փաթեթների հանգստի բաղադրիչը՝ նվազագույնի հասցնելով բոլոր հնարավոր չարաշահումները, և ներկայացնել կառավարության քննարկմանը, իսկ մինչ այդ ժամանակավորապես միայն հանգստի բաղադրիչը կասեցնել: 

«Ուզում եմ ուշադրություն դարձնել, որ շարունակվում են չարաշահումները` կապված պետական ծառայողներին հանգստի կազմակերպման սոցփաթեթի տրամադրման բաղադրիչի հետ», – ասաց Աբրահամյանը։

Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ նրա հանձնարարականով` վարչապետի վերահսկիչ ծառայությունը ստուգումներ է իրականացրել, և այս պահին այդ հարցով զբաղվում է Հայաստանի Վերահսկիչ պալատը։

Վարչապետի խոսքով, հաշվի առնելով այս խնդիրը` Ֆինանսների նախարարությունն առաջարկել է արմատական որոշում` սոցփաթեթներում միայն թողնել բժշկական բաղադրիչի ֆինանսավորումը։

«Կարծում եմ, որ չարժե ամբողջությամբ դադարեցնել ֆինանսավորումը, բավական է ժամանակավորապես դադարեցնել միայն հանգստի կազմակերպման բաղադրիչը` կրճատելով միայն այդ ծախսերը», – ասաց Աբրահամյանը։

Միաժամանակ վարչապետը հանձնարարել է էկոնոմիկայի, սոցիալական հարցերի և ֆինանսների նախարարներին լրամշակել սոցփաթեթների շրջանակում հանգստի կազմակերպման բաղադրիչը` հնարավոր բոլոր չարաշահումները նվազեցնելու նպատակով, և առաջարկների փաթեթը ներկայացնել կառավարության քննարկմանը։ 

Ինչպես լրագրողներին պարզաբանեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, որոշումն ընդունվում է 2017–2019 թթ.–ի ծախսերի միջնաժամկետ ծրագրի գործողության ժամանակահատվածում, սակայն, վարչապետի հանձնարարությամբ, իրականացվում են ուսումնասիրություններ, որոնք նախատեսվում է ավարտել մեկ ամսվա ընթացքում։

«Ելնելով ուսումնասիրության արդյունքներից` 2017 թ.–ի պետբյուջեն քննարկելիս հարցը  կդիտարկվի ավելի մանրամասն։ Սակայն 2016 թ.–ի վրա այս որոշումը դեռևս չի տարածվում», – ասաց Ասատրյանը։

Նա նշեց, որ ըստ պետբյուջեի` սոցփաթեթներին նախատեսվում է մոտ 10 մլրդ դրամ, համակարգի շահառուներն են մոտ 100 հազար պետական ծառայողներ։

Տարեկան 132 հազար դրամի սոցփաթեթը տրամադրվում է պետական ծառայողներին և նախատեսում է մի քանի պարտադիր բաղադրիչներ` առողջապահական ծախսերի մարում, հիփոթեքային տոկոսների մարում, բուհերում ուսման վարձի վճարում և հանգստի կազմակերպում Հայաստանի հանգստյան տներում ($1 – 476,93 դրամ)։ -0-