Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

Հայաստանի և Չինաստանի միջև վիզային ռեժիմը կվերանա

23.05.2019, 14:23
Հայաստանի և Չինաստանի վավեր սովորական անձնագրեր կրող քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից իրենց մուտք գործելու ամսաթվից՝ մինչև 90 օր ժամկետով։
Հայաստանի և Չինաստանի միջև վիզային ռեժիմը կվերանա

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ 

Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վավեր սովորական անձնագրեր կրող քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից իրենց մուտք գործելու ամսաթվից՝ մինչև 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում: 

ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագծում նշվում է, որ 2018 թվականի հունվար-հոկտեմբերին Չինաստանից Հայաստան է այցելել 8430 քաղաքացի, մեկնել՝ 8450 քաղաքացի:

«Հայաստանը հետաքրքրված է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրով, և Չինաստանի ղեկավարությունը նույնպես հետաքրքրված է, որ Հայաստանն այս ծրագրին հնարավորինս ինտենսիվ մասնակցի։ Այդ առումով ունենք կոնկրետ պայմանավորվածություններ: Հիմա ժամանակն է այդ կոնկրետ պայմանավորվածությունների իրագործման մասին մտածել», – նշեց ՀՀ վարչապետը` հավելելով, որ Չինաստանի ղեկավարությունն ամենաբարձր մակարդակով հավաստիացրել է, որ իրենք շահագրգռված են չինական շուկան հայկական ապրանքների համար հասանելի դարձնելու հարցում, այդ թվում՝ գինիների, ալկոհոլային խմիչքների, սննդի և այլ ապրանքների։ 

«Այսինքն՝ կա պատրաստակամություն և քաղաքական կամք կա: Որևէ կասկած չկա, ես վստահեցնում եմ, որ Չինաստանի շուկան մեր ապրանքների համար բաց է, և մեր գործարարները կարող են զբաղվել դրանով: Միակ խնդիրն այն է, որ կան որոշակի ստանդարտներ, և մեր գործարարները պետք է կարողանան համապատասխանել այդ ստանդարտներին», – ընդգծեց ՀՀ վարչապետը 

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Չինաստանի հետ հարաբերությունները վերջին տարիների ընթացքում ունեցել են կայուն վերընթաց, զարգացման դինամիկա քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում։ 

«Կողմերը շահագրգիռ են տարբեր ոլորտներում գործակցությունը շարունակ խորացնելու հարցում, այդ թվում՝ միջանձնային շփումների և զբոսաշրջության խթանման միջոցով: Հայաստանը և Չինաստանը հաջողությամբ գործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Չինաստանը հավասարակշռված դիրքորոշում է ցուցաբերում ՀՀ շահերին առնչվող հարցերի կապակցությամբ», - ասվում է նախագծում:–0–