Հայաստանի գլխավոր թերապևտ–թոքաբանը խոսել է գրիպի վիրուսի դեմ պայքարի մասին

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱՆ գլխավոր թերապևտ–թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը ուրբաթ ասուլիսի ժամանակ խոսել է գրիպի վիրուսի դեմ պայքարի մասին։
Ոսկանյանի խոսքով` «խոզի գրիպը» ոչնչով չի տարբերվում գրիպի մյուս տեսակներից։ Հաճախ մարդիկ գրիպը չեն տարբերում հարբուխից։ «Գրիպը ծանր հիվանդություն է, որի ժամանակ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 40 աստիճան», – ընդգծեց Ոսկանյանը։
Նա ավելացրեց, որ գրիպը տարածվում է օդակաթիլային ճանապարհով։ Վիրուսը փոխանցվում է գրիպով հիվանդի հետ սերտ շփման դեպքում (մեկ մետր կամ ավելի մոտ հեռավորության դեպքում)։ Վիրուսը նաև փոխանցվում է վարակված ձեռքերի և իրերի միջոցով։
«Որպեսզի հիվանդությունը չվերածվի համաճարակի առաջին հերթին հարկավոր է ապահովել լիարժեք իրազեկում, ինչը թույլ կտա իրականացնել անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ», – ընդգծեց Ոսկանյանը։
Նա նշեց, որ հիվանդության ժամանակ պարտադիր է պահպանել անկողնային ռեժիմ, հիվանդը պետք է գտնվի առանձին սենյակում, խուսափի առողջ մարդկանց հետ շփումից։ Սենյակը, որտեղ գտնվում է հիվանդը, պետք է հաճախ օդափոխել, փոշին մաքրել օրը մի քանի անգամ, և գլխավորը` միանգամից դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժությամբ։
«Մինչև բժշկի գալը հարկավոր է օգտագործել շատ հեղուկ, չընդունել ջերմիջեցնողներ, քանի որ դա կարող է մոլորության մեջ գցել բժիշկներին։ Գրիպը միշտ ուղեկցվում է բարձր ջերմությամբ։ Գրիպի ժամանակ նաև առկա է առատ քրտնարտադրություն, մկանային ցավեր, թուլություն, հազ, հնարավոր է նաև աղեստամոքսային տրակտի խանգարում», – ավելացրեց Ոսկանյանը։
«Գրիպի վիրուսի առկայության դեպքում հարկավոր է սկսել համալիր բուժում` անկախ նրանից դա H1N1 ենթատիպի վիրուս է, թե ոչ։ Համալիր բուժման մեջ ներառվում են հակավիրուսային, հակամանրէային դեղամիջոցներն ու ստերոիդները», – ավելացրեց Ոսկանյանը։
Առողջապահության նախարարության տվյալներով, վերջին 20 օրվա ընթացքում Հայաստանում ՍՇՎ–ի կտրուկ ակտիվացում է նկատվում։ Հունվարի 14–ի առավոտվա տվյալներով` գրանցվել է 948 հիվանդ, որոնցից 420–ին ախտորոշվել է թոքաբորբ, այդ թվում` 223 երեխա և 38 հղի։ Ռիսկի հնարավոր խմբի վերահսկողության ուժեղացման նպատակով հոսպիտալացվել է 114 հղի։
Ընդհանուր առմամբ, այդ ժամանակահատվածում արձանագրվել է գրիպի բարդություններից մահվան 11 դեպք, բոլոր մահացածների մոտ հաստատվել է H1N1 վիրուսը, և նրանք քրոնիկ հիվանդություններ են ունեցել։ Եվս երկու մարդ էլ մահացել է թոքերի բորբոքումից, նրանց մոտ չի հաստատվել H1N1 վիրուսի ենթատեսակ։
Բոլոր հիվանդների մոտ 80%–ը (796 մարդ) երեխաներ և մինչև 18 տարեկան դեռահասներ են, ինչի կապակցությամբ կրթության նախարարը ևս մեկ շաբաթով երկարացրել է դպրոցական և նախադպրոցական հաստատությունների արձակուրդները։ -0-